Ավարտական վկայականների հանձնում

27.06.2022

Այսօր մեծ հանդիսությամբ ավարտական վկայականներ ստացան Մանկավարժական համալսարանի 2021-2022 ուսումնական տարվա շրջանավարտները:

100-ամյա մանկավարժական դարբնոցի առկա և հեռակա համակարգում բակալավրի և մագիստրոսի դիպլոմ ստացավ 1573 շրջանավարտ բարձր առաջադիմություն ունեցող լավագույն 22-ին դիպլոմներ հանձնեցին ԿԳՄՍ փոխնախարար, ՀՊՄՀ–ի խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը, ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, Խորհրդի անդամները։

«Այսօր մենք խոսում ենք 100-ամյա բուհի շրջանավարտների մասին, ինչը խորհրդանշական և պատմական է դարձնում ինչպես ձեր ուսումնառությունը, ավարտը, այնպես էլ մեր երեխաների կրթության գործին լծվելու, ձեր ստացած գիտելիքներն ու հմտություններն ի նպաստ մեր երկրի զարգացման գործում ներդնելու վեհ և կարևոր առաքելությունը։ Մեր խնդիրն է՝ այդ ճանապարհին աջակցել ձեզ, որ վստահ լինեք՝ կատարել եք կյանքի ամենաճիշտ որոշումը՝ ընտրելով Մանկավարժական համալսարանն ու մանկավարժի մասնագիտությունը։ Դուք ոգեշնչման օրինակ եք հազարավոր երիտասարդների համար, որոնք կշարունակեն ձեր ճանապարհը՝ վստահ լինելով՝ ուսուցչի մասնագիտությունը պիտանի է և կարևոր։ Մանկավարժական համալսարանը, որպես խորհրդատու-աջակից, կշարունակի լինել ձեր կողքին
ձեզ գրկաբաց սպասելու են նաև դպրոցներում»,- շնորհավորելով շրջանավարտներին՝ նշեց Ժաննա Անդրեսյանն ու աբովյանականներին վստահեցրեց՝ ուսուցիչը, մանկավարժը երկրի ամենակարևոր մարդն է նրանից է կախված մեր վաղվա օրը։

ՀՊՄՀ–ի խորհրդի նախագահը կարծում է, որ լավ ուսուցիչ լինելը նաև փորձառություն, պրակտիկա է պահանջում, ինչը ձեռք է բերվում տարիների դասավանդման փորձի հետ մեկտեղ, բայց նաև վստահ է՝ դրա համար շրջանավարտներն ունեն լավագույն հիմքերը «Բուհի 100-ամյակը պատմություն է, բայց նաև նոր էջ, որ բացում ենք ձեզ հետ միասին»,-հավելեց ԿԳՄՍ փոխնախարարը։

ՀՊՄՀ ռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը երկրորդում է փոխնախարարին
օրը հատուկ նշանակություն ունի։ Մանկավարժականը բազում սերունդներ է ճանապարհել, սակայն տարին խորհրդանաշական է արդեն 100 տարի բուհը սովորեցնում է սովորեցնել:

Ռեկտորը նկատում է՝ այս կարգախոսի ներքո պետք է շնորհակալություն հայտնել մեծանուն մանկավարժներին, կրթության նվիրյալներին, որոնք երկար ու ձիգ տարիներ ծառայել են՝ բարձր պահելով բուհի անունը։ Նրանք հիմք են դրել գիտական, գիտատեսական, գիտապրակտիկ ուղղությունների, որոնցով պայմանավորված է նաև ՀՀ-ի մանկավարժական մտքի որակը, բազմաթիվ սերունդների կրթությունն ու դաստիարակությունը։

Բուհի ղեկավարն ընդգծում է՝ այսօր էլ ՀՊՄՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմը շարունակում է վերանայել մասնագիտական կրթական ծրագրերը, մասնագրերը, առարկայական նկարագրերը, որ գալիք ուսումնական տարում նոր որակով, մոտեցումներով և այսօրվա հրամայականով դիմավորի աբովյանականների նոր սերնդին։

Սկզբնական կրթության ֆակուլտետի շրջանավարտ Վարսենիկ Հարությունյանը հուզված է, ինչպես մյուս շրջանավարտները։ Նրանց համար օրն առանձնահատուկ է
հատել են կյանքի ամենակարևոր սահմանագծերից մեկը, կրելու են մանկավարժի վեհ կոչումը, կատարելու կարևոր առաքելության։

ՀՊՄՀ շրջանավարտն ընդգծում է՝ բուհի հարյուրամյա գործունեությունը եղել է ազգանվեր, և մեծ պատիվ է լինել կրթության այս դարբնոցի մի մասնիկը։ Վերջինս շնորհակալություն հայտնեց բուհի պրոֆեսորադասախոսական կազմին՝ մասնագիտության մեջ կայանալու, խնդիրների լուծման բանալիներն ինքնուրույն գտնելու համար «Կարծում եմ՝ ամենամեծ շնորհակալությունը կլինի այն, որ մեզնից յուրքանչյուրը կայանա իր ոլորտում։ Այսօր մենք դարձել ենք ջահակիրներ մեր ջահը վառել ենք հարյուրամյա մանկավարժական բուհի կանթեղից և խոստանում ենք այն պատվով կրել՝ փոխանցելով սերունդներին»։

Ի դեպ, դիպլոմների հանձնման արարողությունը խորհրդանշական էր նաև ՀՊՄՀ-ի Հենակետային վարժարանի այս տարվա շրջանավարտ, բուհի «Լրագրություն» բաժնի դիմորդ Էլեն Միրզոյանի համար, որը վարում էր ցերեկույթը։

Վերջինս հաջողությամբ հանձնել է ընդունելության քննությունները և, ինչպես ինքն է նկատում, պատրաստ է զինվորագրվել աբովյանականների մեծ բանակին։

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը շարունակվեց տոնական համերգով: Ելույթներով հանդես եկան Մանկավարժական համալսարանի «Ավե Մարիա» երգչախումբը, ակորդիոնահարների խումբը, «Զվարթնոց» քանոնահարների, Պարարվեստի մանկավարժության ամբիոնի անսամբլները, Երաժշտության մանկավարժության ամբիոնի դասախոս Արմինե Օջախյանն ու Կուլտուրայի ֆակուլտետի ուսանող, միջազգային մրցույթների դափնեկի Նարեկ Մուսախանյանը։

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software