«Ձեր և մեր Ազատը»…

01.11.2021

«Ազատն ապրեց հերոսի կյանքով և հերոսի պես էլ անմահացավ։ Դեռ լսելի է քո ծիծաղը, տեսանելի են աչքերդ, որ խառնվել են երկնի կապույտին ու դրա մի մասը դարձել։ Կա լռություն, որի մեջ դու ես՝ քո աղմուկով, ձայնով»․այսօր ՀՊՄՀ Հենակետային վարժարանում հետմահու նշում էին կրթօջախի սան, Արցախի 44-օրյա պատերազմի հերոս Ազատ Մաջարյանի ծննդյան օրը:

Պատերազմի առաջին իսկ օրից Ազատն իր ծառայակից ընկերների հետ գտնվել է ամենաթեժ կետերից մեկում՝ Ջրականում։ 30 օր անընդմեջ կռիվ է մղել թշնամու դեմ՝ ամուր պահելով հայրենի հողը։ Բարի, աշխատասեր, աշխույժ ու խելացի Ազատը կդառնար 21 տարեկան:

Վերջին հեռախոսազանգի ժամանակ ընկերոջը խնդրել էր նշել իր ծննդյան տարեդարձը և բաժակ բարձրացնել իր համար։ Ազատի այդ խնդրանքն այսօր կատարում էին իր սիրելի վարժարանում՝ բաժակ բարձրացնելով նրա և մյուս հերոս տղաների համար։

Վարժարանի հոգեբանության ենթահոսքի աշակերտը դեռ դպրոցական տարիներից աչքի էր ընկել հայրենասիրությամբ.դպրոցում բանակին նվիրված միջոցառումներին առաջինն էր մասնակցում և միշտ ասում էր՝ անկախ ամեն ինչից պետք է գնա և պատվով ծառայի իր հայրենիքին։ Ազատը վարժարանում աչքի ընկնող աշակերտ և դասընկեր էր։ Առանձնանում էր կազմակերպչական կարողությամբ, համեստ էր, բարի. հենց այսպես են հիշում Ազատին իր ուսուցիչներն ու դասընկերները։

Ընկերները փաստում են՝ հայրենիքը նրա համար գերագույն արժեք էր և այդ գիտակցությամբ էլ զորակոչվեց բանակ: Վերադարձը մոտ էր․ Ազատի ծառայությանը մնացել էր 98 օր, բայց սկսվեց պատերազմը։ Դեպքերից ժամեր առաջ նա զանգահարել էր ընկերոջն ու ասել, որ գնում է այնպիսի մի տեղ, որտեղից վերադարձի հույս չունի։ Ընկերոջը խնդրել է, որ հոգ տանի բոլորի մասին։

Միջոցառմանը ներկա Ազատի դասընկերը հերոսի մասին խոսելիս նկատում է՝ պատերազմից հետո նորովի ճանաչեց ընկերոջը, հասկացավ՝ իրենց « մեծ»-ն էր. «Իմ ու Ազատի ընկերությունը սկսվեց վարժարանի պատերի ներքո, իսկ պատերազմը խլեց մեր ընկերությունը»:

Վստահ է՝ բաժանումը ժամանակավոր է. Ազատն ամենաապահով տեղում է, այնտեղ, որտեղ դեռ արժանի չենք գտնվելու նաև մենք: Պատահականություն չի դիտարակում նաև այն, որ հերոսի մահվան օրն է անցնելու պարտադիր զինվորական ծառայության՝ արժանապատորեն շարունակելու ընկերոջ կիսատ թողած գործը՝ հանուն հզոր հայրենիքի: Խնդրեց ոչ թե լացով, այլ ծափահարություններով հիշել հերոս ընկերոջը:

«Դուք, լինելով մեր հայրենիքի զավակները, խորապես զգացիք ձեր անխզելի կապը հարազատ հողի հետ, որդիաբար վերաբերվեցիք նրան, հարյուրապատիկ վերադարձնելով այն, ինչ ստացել էիք մայր հողից։ Եվ,ուրեմն, հայրենիք դարձաք հենց դուք. մենք պարտք ունենք առյուծասիրտ տղաների առաջ, որ իմացյալ մահվան հետևից գնացին։ Այդ պարտքը ծանր է, բայց մեր ուսերն ամուր են մի ողջ պատմության բեռ տանելու համար»,- Ազատին նվիրված միջոցառման ընթացքում նշեցին ՀՊՄՀ Հենակետային վարժարանի սաները:

Ի դեպ, վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանի ջանքերով կրթօջախում բացվել է Արցախի 44-օրյա պատերազմի հերոս վարժարանի սաների Ազատ Մաջարյանի և Տիգրան Միկոյանի հիշատակը հավերժացնող «Դեպի անմահություն» անկյունը:

«Այսուհետ, նրանք հավերժ ներկա են լինելու մեր կթօջախում. այստեղ գտնվող յուրաքանչյուր ոք պետք է հիշի՝ այս հերոսները, պարտավորություն կրելով մեր բոլորի առջև, նվիրեցին ամենաթանկը՝ չխնայելով իրենց երիտասարդ կյանքը, ապագայի նկատմամբ ունեցած հեռանկարները, անգամ ձեր և մեր արցունքները: Ազատ և Տիգրան, դուք ամբողջությամբ տվեցիք ձեր պարտքը, մենք մնացինք ձեզ պարտք»,-իր խոսքում նշեց Նաիրա Սաֆարյանն ու խոստացավ՝ ջանք ու եռանդ չխնայել, այդ պարտքի հնարավոր մասն ապագա սերունդների ապահովելու համար:

Միջոցառմանը ներկա «Հաղթանակ» կամավորական ջոկատի հրամանատար, գեներալ-մայոր Արսեն Ամիրխանյանը նկատում է՝ սպաների և զինվորների մեջ Ազատ Մաջարյանը միակն էր, որ թիկունքից հնարավորություն էր գտնում, որևէ պատճառ հորինում և ամենաթեժ պահերին հայտնվում կամավորների կողքին:

Հիշում է Ազատի խոսքերը.«Չեմ կարող պատերազմից հետո վերադառնալ տուն և ասել՝ կամավորականները թույլ չտվեցին մասնակցել մարտական գործողություններին»: Հրամանատարը նկատում է՝ Ազատը միշտ ժպտում էր. նրա աչքերում այդպես էլ չտեսանք վախ ու խուճապ. «Ձեր և մեր Ազատը իսկապես հերոս էր»:

Ազատ Մաջարյանն ապրեց հերոսի կյանքով և հերոսի պես էլ անմահացավ: Նա հարազատների հետ վերջին անգամ կապ էր հաստատել հոկտեմբերի 24-ին և նույն օրը՝ երեկոյան, ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից իր տասնյակ մարտական ընկերների հետ զոհվել:

Միջոցառմանը հաջորդեց երթ դեպի Եռաբլուր:

 https://aspu.am/hy/content/dzer_ev_mer_azaty/?fbclid=IwAR0iTP7hSVgXil-tuVVImxpagOob0iWhQr5bp4rAxy5pE6dGMXYIDPkN5eo#sthash.vMZhRJcM.PU9GUnVC.dpbs

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software