Նաիրա Սաֆարյան. «Եթե խոսվում է ուսուցչի որակի փոփոխության մասին, պետք է սկսել Մանկավարժական համալսարանից»

04.02.2022

ՀՊՄՀ-ի ուսումնական գործընթացների գծով պրոռեկտոր, բուհի հենակետային վարժարանի տնօրենի խորհրդական Նաիրա Սաֆարյանը մասնակցեց «Մեդիակենտրոն»-ի կազմակերպած՝ «Դպրոցը կփրկեն մանկավարժները: Իսկ ո՞վ կփրկի մանկավարժներին» թեմայով ասուլիսին։

Ասուլիսի բանախոսներն էին նաև «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանը, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցիչ Տաթև Սարդարյանը։

Բանախոսներն անդրադարձան «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություններին, դրանից բխող խնդիրներին ու անելիքներին։

ՀՊՄՀ-ի պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանն այն կարծիքին է, որ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություններն անհրաժեշտություն են, և ցանկացած փոփոխություն անելիս պետք է ուղիղ կապի մեջ լինել Մանկավարժական համալսարանի հետ՝ սկսած բովանդակային հարցերից։

«Բուհը գիտակցում է իր անելիքներն այդ փոփոխությունների համատեքստում, և մեզ հսակայական աշխատանք է սպասվում։ Եթե խոսվում է դպրոցում ուսուցչի որակի փոփոխության մասին՝ պետք է սկսել Մանկավարժականից․ շրջանավարտը պետք է համապատասխանի այն որակին, որն ուզում ենք տեսնել»,-նշեց պրոռեկտոր Սաֆարյանը։

Վերջինս Աժ-ում մասնակցել է օրենքի վերաբերյալ լսումներին և ցավով է նկատում, որ գործընկերները չշեշտադրեցին բովանդակային փոփոխությունները, անդրադարձ եղավ հիմնականում օրենքի՝ ուսուցչի աշխատավարձի և դպրոցում երկու տնօրենների հետ կապված խնդիրներին։ Նաիրա Սաֆարյանը ՀՊՄՀ-ի վարժարանի երկարամյա տնօրենն է եղել, ինչպես նաև դասավանդում է Մանկավարժական համալսարանում։ Քաջածանոթ դպրոցի և բուհի խնդիրներին՝ նկատում է՝ նախատեսվող օրենքում լուրջ փոփոխություններ կան, և ցանկալի կլինի, որ կրթության ոլորտի կազմակերպման բոլոր օղակները մասնակցեն փաթեթի քննարկմանը։

Ասուլիսին անդրադարձ եղավ նաև Մանկավարժական համալսարանի ընդունելության քննությունների կարգի փոփոխություններին, որոնց մասին խոսել էր ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Նաիրա Սաֆարյանը նկատեց, որ դեռ հստակեցված չեն այդ փոփոխությունները, սակայն դրանք անհրաժեշտ են, որպեսզի բուհի յուրաքաչյուր դիմորդ ի սկզբանե ուղղորդված լինի Մանկավարժական համալսարան ընդունվելուն և մանկավարժ դառնալուն։

«Կան դեպքեր, որ 4 տարի ուսանելուց հետո աշխատանքն ստացվում է ապարդյուն, քանի որ ուսանողը նպատակ չի ունենում մանկավարժ դառնալու։ Պետք է հասնել նրան, որ պետական մակարդակով ուսուցչին տրվի հատուկ կարգավիճակ, ինչը կարող է նաև մանկավարժի մասնագիտությունը դարձնել գրավիչ ու հրապուրիչ»,–նշեց Նաիրա Սաֆարյանը։

Բանախոսներից Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն այն կարծքին չէ, որ կրթության բարեփոխումները պետք է սկսել ուսուցիչներից կամ Մանկավարժական համալսարանից. 《Եղածը հետևանք է, որովհետև մեր երկրում առաջնահերթ կրթության և կրթված մարդու հանդեպ հոգատար միջավայր է պետք. չկա ո'չ այդ միջավայրը, ո'չ հոգատար  վերաբերմունքն ու պատկառանքը ուսուցչի հանդեպ»։ Նա գտնում է, որ կրթության ոլորտը ֆինանսավորելու և խնդիրները հարթելու համար պետք է գործեն պետության բոլոր օղակները։

Խոսելով մեկնարկած բարեփոխումներից կամավոր ատեստավորման մասին՝ Նաիրա Սաֆարյանն այն ողջունելի քայլ և որոշակի դրական տեղաշարժ համարեց, և հույս հայտնեց, որ նախաձեռնողները բոլոր տեսակի դժգոհությունները, քննադատությունները կվերլուծեն և գործընթացում կանեն անհրաժեշտ փոփոխությունները։

«Իրականում ուսուցչին փրկել պետք չէ․ նա արդեն փրկված է այդ մասնագիտությունն ընտրելով։ Ուսուցիչն այսօր էլ նվիրյալ է, պատվով կատարում է իր գործը, սիրում է աշակերտին։ Վստահ եմ, որ ֆիզիկայի օրենքի համաձայն՝ աշակերտն էլ ուսուցչին է սիրում»,–նշեց Նաիրա Սաֆարյանը։

Բանախոսները համոզված են, որ պետք է կրթության ոլորտի բոլոր օղակները համատեղ և շահագրգիռ աշխատանքով ճիշտ ախտորոշեն կրթության ներկայիս վիճակը և գտնեն բարելավման առավել արդյունավետ միջոցներ։

 

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software