Մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանում նոր ուսումնական տարին մեկնարկեց հիմնանորոգված շենքում. 7 ենթահոսքի 145 աշակերտի նորամուտը նշանավորվեց լիովին վերանորոգված ու կահավորված, հագեցած ու վերազինված վարժարանի բացմամբ։
Գիտելիքի օրվա հանդիսությունը մեկնարկեց պետական դրոշի բարձրացմամբ, որի պատիվը տրված էր Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, վարժարանի շրջանավարտ Յուրի Ղազարյանին:
Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հովիվ տեր Առնակ քահանայի օրհնությամբ կատարվեց վարժարանի օծման կարգ: Տեր Առնակ քահանան շնորհավորեց ուսումնական նոր տարեսկզբի և հիմնանորոգված մասնաշենքի առիթով և նշեց. «Սիրելի ներկաներ, մաղթում եմ մեկ կարևոր բան` իմաստության ամբարում՝ որքան հնարավոր է շատ. բոլորս այսօր այդ իմաստության կարիքն ունենք: Միայն գիտելիքը չէ, որ կարող է առաջնորդել, այլ այդ գիտելիքի միջոցով ձեռք բերված իմաստությունը: Այդ իմաստության մեջ հաստատուն եղեք, մեր ժողովրդի միասնականությունը, հաղթանակն ու ունեցած ոգին միայն հնարավոր է ամրացնել ու զորացնել իմաստության շնորհիվ»:
Վարժարանցիների նորամուտը շնորհավորեց նաև Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը` մաղթելով հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ նոր ուսումնական տարում: Վերջինս վստահ է՝ օրը բոլորիս հիշողություններում մնալու է և տարածության ու ժամանակի մեջ անընդհատ ուղեկցելու է, քանի որ իրականության մեջ հասարակությունը կարևոր վերաբերմունք ունի պետության համար ողնաշար հանդիսացող կրթության նկատմամբ: Ռեկտորի պաշտոնակատարը կարևորեց նաև վարժարանի հիմնանորոգման գործում բոլորի դերակատարումը և հույս հայտնեց, որ ուսումնական լավագույն պայմանները կնպաստեն առավել լավ ուսում ստանալուն:
Վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը խոստովանում է՝ նման հիմնանորոգման և կրթական գերազանց պայմանների մասին երազել է շուրջ 28 տարի։ Վերջինս շնորհավորեց կրթության ոլորտի նվիրյալներին ու աշակերտներին՝ մաղթելով հաջողություններ ազգային դպրոցի և հայեցի դաստիարակության գործում։
«Մեծ պատիվ է լինել հանրապետությունում առաջին հենակետային վարժարանի տնօրենը, սակայն դա ինձ և ձեզ պարուրում է կրկնակի պատասխանատվությամբ: Սիրելի՜ աշակերտներ, մենք պարտք ունենք կատարելու՝ յուրաքանչյուրս մեր տեղում և մեր գործով այսուհետ էլ ավելի լավը պետք է լինենք»,- նշեց Նաիրա Սաֆարյանն ու շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ում ամենօրյա ու հետևողական աշխատանքի շնորհիվ իրականացավ այս նախաձեռնությունը:
Նշենք, որ Դեղատան 17 հասցեում գտնվող ՀՊՄՀ հենակետային վարժարանի (ավագ դպրոց) մասնաշենքը հիմնանորոգվել է ՀՀ ԿԳՄՍ- «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում։
Վերանորոգումից հետո ավագ դպրոցը հարմարավետ է, համապատասխանում է ժամանակակից պահանջներին։ Բուժկետ, գրադարան, համակարգչային սենյակ, արհեստանոց, հանդիսությունների դահլիճ, լաբորատոր սենյակներ՝ յուրաքանչյուր հարկում (քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և ֆիզիկայի) և ժամանակակից կահավորված դասասենյակներ. այս ամենը շուրջ 433 վարժարանցիների համար։
Շենքն ամբողջությամբ կահավորված է նոր և ժամանակակից գույքով, "իր ամբողջ հզորությամբ համապատասխանում է ավագ դպրոցի ներկայիս աշակերտական համակազմի ուսումնական գործընթացի բնականոն հունով ապահովմանը,-վստահեցրեց վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը: Վերջինս հավելեց նաև, որ ՀՊՄՀ-ի ջանքերով տեղադրվել է նաև արևային ջեռուցման համակարգ, ինչպես նաև ընթացքի մեջ են մարզադահլիճի վերանորոգման աշխատանքները:
- See more at: https://aspu.am/hy/content/varzharancineri_nor_usumnakan_tarin_himnanorogvats_shenqum/#sthash.hxelBndt.dpuf