ՊՄՀ-ի Հենակետային վարժարանում արդեն 28-րդ անգամ հնչեց «Վերջին զանգը». լավագույն ավանդույթներ ունեցող կրթօջախը կյանք ճանապարհեց 6 հոսքի 137 շրջանավարտի:
Նրանք հիմնանորոգված վարժարանի առաջին շրջանավարտներն են, որոնք ջերմ ու անմոռանալի հիշողությունների կողքին ունեն ՀՊՄՀ-ի Հենակետային վարժարանի սանը լինելու հպարտության և պատասխանատվության զգացողություն։
«Հայրենասիրությունը նաև հայրենիքի համար զոհված հերոսների հիշատակը անմար պահելն է»․ սա յուրաքանչյուր վարժարանցու կարգախոսն է, ուստի ավարտական միջոցառումը մեկնարկեց լռության րոպեով և զոհված վարժարանցիների հիշատակը հավերժացնող անկյունում ծաղիկների խոնարհմամբ։
Ուսումնառության ավարտի առթիվ շրջանավարտներին, ուսուցիչներին և ծնողներին շնորհավորեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ մաղթելով հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ և վերելքներ։
Նախարարի տեղակալը ուսուցիչներին շնորհակալություն հայտնեց անգնահատելի մեծ աշխատանքի համար, իսկ շրջանավարտների ծնողներին հորդորեց վստահել երեխաներին, նրանց թույլ տալ սխալվել․ նրանք գիտեն՝ ինչ են ուզում, և եթե չսխալվեն, ոչինչ չի ստացվի.
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհավորեց շրջանավարտներին՝ մաղթելով իղձերի, ձգտումների իրականացում, հաջողություններ։ Ռեկտորը վստահ է, որ Հենակետային վարժարանի՝ մեծագույն պատասխանատվության, սիրո, ջերմության մթնոլորտում կրթվել և դաստիարակվել է այն սերունդը, որը մեծ դերակատարում է ունենալու երկրի զարգացման գործում։
Մանկավարժական համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը հենակետային վարժարանի երկարամյա տնօրենն է եղել, ինչպես վարժարանցիներն են փաստում՝ հենասյունը։ Նաիրա Սաֆարյանը այս տարվա շրջանավարտներին հզոր սերունդ է համարում․ նրանք համատեղ կարողացան դժվարին պայմաններում հաղթահարել հանրակրթության 3-րդ աստիճանին անցնելու բոլոր դժվարությունները։ «Սիրելի շրջանավարտներ, թևակոխում եք կյանքի նոր փուլ, որտեղ ձեզանից պահանջվում է լինել առավել զգոն և պատասխանատու, աշխատասեր և նպատակասլաց։ Վստահ եմ, որ ձեր աշխատանքով և ներդրումով դառնալու եք մեր երկրի հզորացման և ամրապնդման գործի հուսալի և ակտիվ մասնակիցը, Հայաստանի իրավատեր քաղաքացին»,-իր շնորհավորանքի խոսքում նշեց Նաիրա Սաֆարյանն ու բարի երթ մաղթեց մեր երկրի բոլոր շրջանավարտներին։
Վարժարանցիները պարային և այլ կատարումներով իրենց երախտագիտությունը հայտնեցին ուսուցիչներին, վարժարանին և 100-ամյակը բոլորած Մանկավարժական համալսարանին։ Նրանք միակարծիք են՝ դպրոցը շատ կարևոր է յուրաքանչյուրի կյանքում, իսկ դպրոցի և կրթության հիմքը, այդ պատասխանատու գործի կրողն ու շարունակողը ուսուցիչն է։ Այս տարվա շրջանավարտները ևս հնարավորություն են ունեցել աշակերտելու լավագույն ուսուցիչներին, որոնց կերտել է մանկավարժական մայր բուհը։ Նրանք վստահեցնում են՝ հպարտ են Մանկավարժականի մի մասնիկը և Հենակետային վարժարանի շրջանավարտը լինելու բարձ կոչմանն արժանանալու համար։
Տոնական միջոցառումը շարունակվեց նաև վարժարանի դահլիճում։