Գործունեություն

Հենակետային վարժարանի գործունեությունը

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանը /ավագ դպրոցը/ հիմնադրվել է 1994 թվականին:

Լինելով հանրապետությունում բուհին կից տարբերակված ուսուցմամբ առաջին ավագ դպրոցը՝ մշտապես ապահովել է կրթական այն մակարդակը, որն անհրաժեշտ է ինստիտուտը բանիմաց և բարձր առաջադիմությամբ դիմորդներով համալրելուն: 1994-95 ուսումնական տարին վարժարանն սկսեց շուրջ 100 աշակերտով, 3 հոսքերով՝ հումանիտար (հայոց լեզու, անգլերեն և հայոց պատմություն), ֆիզմաթ (ֆիզիկա և մաթեմատիկա), բնագիտական (քիմիա և կենսաբանություն):

Վարժարանում ներկայումս գործում են հումանիտար (անգլերեն), հումանիտար (հոգեբանություն), հումանիտար (լրագրւթյուն), հումանիտար (պատմահասարակագիտական), բնագիտամաթեմատիկական (ֆիզմաթ), մշակութային (պարարվեստի վճարովի լրացուցիչ կրթական ծառայություն) և մշակութային (կերպարվեստ-դիզայն) հոսքեր:

Բուհի կառույցում վարժարանի գոյությունը կարևոր քայլ է կրթության համակարգում, որակական նոր խնդիրների շարունակական բարելավման գործընթացում:

Ինտեգրման արդյունքում ապահովվում է կրթական գործունեության շարունակականությունը, լուծվում է մանկավարժական կադրերի պատրաստման հարցում առաջադրվող խնդիրները:

Ընդառաջ գնալով կրթական համակարգում այսօր ընթացող բարեփոխումներին՝ վարժարանում տարվում է ուսումնառությունը ավագ դպրոցի չափորոշիչներին և ծրագրային պահանջներին համապատասխան կազմակերպելու գործընթաց, ինչը պայմանավորված է ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանը ՀՀ հանրակրթական ավագ դպրոցների շարքում առաջատարը տեսնելու՝ համալսարանի և վարժարանի ղեկավարության վճառականությամբ:

Այս տարիների ընթացքում վարժարանը համալսարանին մշտապես ապահովել է որակյալ կադրերով, լուծել բնագիտամաթեմատիկական ֆակուլտետների ընդունելության թերբեռնվածության խնդիրը: Վարժարանն իր գործունեության բոլոր տարիներին հանդիսացել է համալսարանի մանկավարժական պրակտիկաների կազմակերպման և անցկացման կարևոր բազա:

Այնտեղ գիտահետազոտական, փորձարարական աշխատանքներ են կատարում ամբիոնների դասախոսները, ասպիրանտները, հայցորդները, ինչպես նաև մագիստրատուրայում սովորողները:

Վարժարանի հիմնադրման առաջին իսկ օրվանից այստեղ դասավանդում են բանիմաց և փորձառու ուսուցիչներ, մանկավարժական համալսարանի տարբեր ամբիոնների առաջատար դասախոսներ, դպրոցական դասագրքերի և ձեռնարկների հեղինակներ և անվանի մանկավարժներ: Վարժարանի մանկավարժական կոլեկտիվն համալրված է նաև երիտասարդ կադրերով, որոնց մաս են կազմում նաև վարժարանի նախկին շրջանավարտները:

Վարժարանի մանկավարժները հաճախ տարբեր զեկույցներով հանդես են գալիս գիտաժողովներում: Վարժարանում գործում են մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդներ, առարկայական մեթոդմիավորումներ, որոնք մշտապես համագործակցում են համալսարանի համապատասխան ամբիոնների հետ:

Նրանց նվիրված աշխատանքի և սովորողների համառության արդյունքում իր գոյության ավելի քան 27 տարիների ընթացքում վարժարանն ունեցել է շուրջ 2600 շրջանավարտ, որոնց գերակշռող մասը ընդունվել է բուհեր, այդ թվում 2000-ը՝ Մանկավարժական համալսարան: Վարժարանի շրջանավարտներից 43-ը տարբեր մասնագիտությունների գծով գիտությունների թեկնածուներ են, որոնցից 8-ը աշխատում են ՀՊՄՀ-ի տարբեր ամբիոններում:

Վարժարանի սովորողներն օգտվում են ժամանակակից լաբորատորիաներից, գրադարանից և հանդիսությունների սրահից, իսկ ՀՊՄՀ-ի ուսխորհրդի հետ համատեղ պարբերաբար կազմակերպվող միջոցառումները հնարավորություն են տալիս սերտացնել շփումն ու համագործակցությունը ուսանողների և աշակերտների միջև:

Վարժարանի 10-12-րդ դասարաններում այժմ սովորում է շուրջ 429 աշակերտ, ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից:

Վարժարանում ավանդույթ է դարձել հանդիպումներ կազմակերպել տարբեր ոլորտների ճանաչված մարդկանց հետ, ինչպես նաև պատշաճ մակարդակով նշել ՀՀ հիշատակի և տոն օրերը:

Վարժարանի սովորողները մշտապես ներգրավված են և ակտիվ մասնակցություն են ունենում տարբեր միջոցառումների և ծրագրերի: 

Մասնավորաբար, աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ պարբերաբար այցելություններ են կազմակերպվում ծերանոցներ, մանկատներ, զորամասեր, որի շրջանակներում մշակութային ծրագրով հանդես գալուց բացի, ցուցաբերվում է նաև նյութական օգնություն:

 
2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software