Վարժարանը տարիներ շարունակ համալսարանին ապահովել է որակյալ կադրերով, տարբեր ֆակուլտետներ համալրել ուսանողներով: Վարժարանն իր գործունեության բոլոր տարիներին հանդիսացել է համալսարանի մանկավարժական պրակտիկաների կազմակերպման և անցկացման կարևոր բազա: Այնտեղ գիտահետազոտական, փորձարարական աշխատանքներ են կատարում ամբիոնների դասախոսները, ասպիրանտները, հայցորդները, ինչպես նաև մագիստրատուրայում սովորողները:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. սեպտեմբերի 23-ի թիվ 1098-Ն և 2010թ. փետրվարի 11-ի թիվ 106 որոշումների համաձայն` «Հայկական պետական մանկավարժական համալսարանի Երևանի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միավորվել է ՙԽաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան՚ պետական ոչ առևտրային կազմակերպության հետ:
Խնդրի նման լուծումը կարևոր քայլ է կրթական համակարգում որակական նոր խնդիրների շարունակական բարելավման գործընթացում: Ինտեգրման արդյունքում ապահովվում է կրթական գործունեության շարունակականությունը, լուծվում է մանկավարժական կադրերի պատրաստման հարցում առաջադրվող խնդիրները:
ՀՀ ԿԳ նախարարի Ա/Ք N 554 /10.06.2010թ./ հրամանով ՙԽաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան՚ պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրվել է միջնակարգ ընդհանուր /3-րդ աստիճան/ կրթական ծրագրով գործունեության լիցենզիա: ՀՀ Կառավարության 2011թ դեկտեմբերի 29-ի որոշմամբ «Վ.Թոթովենցի անվան համար 57 hիմնական դպրոցը» տրվել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանակավարժական համալսարանին: ՀՊՄՀ հենակետային (ավագ դպրոց) վարժարանի դասերն այսուհետ անցկացվում են ուսումնական նոր շենքում:
2019-2021 թթ.-ին դպրոցի շենքը հիմնանորոգվել է: Այն ունի առարկայական լաբորատորիաներ, որոնք հագեցած են համապատասխան գույքով, անհրաժեշտ դիդակտիկ պարագաներով:
Բնագիտամաթեմատիկական (ֆիզմաթ և կենսաքիմիա), հումանիտար (անգլերեն, հոգեբանություն, լրագրություն, պատմահասարակագիտական) հոսքերից բացի ձևավորվել են նաև մշակութային (պարարվեստի վճարովի լրացուցիչ կրթական ծառայություն և կերպարվեստ-դիզայն) հոսքեր:
Վարժարանի 10-12-րդ դասարաններում այժմ սովորում է 429 աշակերտ: Վարժարանը համագործակցում է այլ ավագ դպրոց վարժարանների հետ:
Վարժարանի ստեղծման օրից` 1994 - 1999 թթ. վարժարանի աշխատանքները ղեկավարել է պրոֆեսոր Ալեքսանդր Խաչատուրի Ղուշչյանը, իսկ 1999 թվականից մինչ օրս ղեկավարում է մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Ավետիսի Սաֆարյանը:
Վարժարանում դասավանդում են մանկավարժական համալսարանի համապատասխան ամբիոների առաջատար դասախոսներ, դպրոցական դասագրքերի և ձեռնարկների հեղինակներ և անվանի մանկավարժներ:
Վարժարանում գործում են մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդներ, առարկայական մեթոդմիավորումներ, որոնք մշտապես համագործակցում են համալսարանի համապատասխան ամբիոնների հետ: Վարժարանի մանկավարժները հաճախ տարբեր զեկուցումներով հանդես են գալիս գիտաժողովներում: