Ամփոփվեցին մանկավարժության օլիմպիադայի արդյունքները

27.05.2019

Ամփոփվեցին ՀՊՄՀ-ի Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված օլիմիադայի արդյունքները:

Ի դեպ, ամենամյա օլիմպիադային այս տարի մասնակցեցին նաև ավագ դպրոցների աշակերտները՝ 54 մասնակից Երևանի №104 հիմնական, Լեռնանիստի Ս. Նազարյանի անվան միջնակարգ, Ս. Գևորգյանի անվան №189, Վայքի, ինչպես նաև ՀՊՄՀ-ի հենակետային դպրոցներից:

Արդյունքների ամփոփմամբ՝ ավագ դպրոցականների շրջանում 1-ին տեղում ՀՊՄՀ Հենակետային վարժարանի 11-րդ դասարանի աշակերտուհի Արմինե Մխիթարյանն էր, 2-րդ տեղում՝ Լեռնանիստի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Լիդա Գրիգորյանը, իսկ 3-րդում՝ Երևանի №189 ավագ դպրոցի 11-րդ աշակերտուհի Աննա Միրզոյանը:

Բակալավրերի շրջանում 1-ին տեղի մրցանակը հանձնվեց Սոցիալական մանկավարժություն բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Խաչատրյանին, 2-րդը՝ նույն բաժնի ուսանողուհի Աննա Հայրապետյանին, իսկ 3-րդ մրցանակը՝ նույն բաժնի հեռակա 4-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Մարկոսյանին: Մագիստրոսների շրջանում 1-ին տեղի մրցանակը հանձնվեց Աշխարհագրության բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի Շուշան Աբովյանին , 2-րդը՝ Սոցիալական մանկավարժության բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի Անահիտ Ադամյանին, իսկ 3-րդ մրցանակը՝ Տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Մերի Քոչինյանին:

Մրցանակներ և հավաստագրեր հանձնվեցին նաև «Լավագույն հռետոր», «Հաջողված ելույթ», «Կրկնակի հաջողակ», «Լսարանի համակրանք», «Լավագույն ելույթ» և այլ անվանակարգերում հաղթող ճանաչված ուսանողներին և աշակերտներին:

Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը կարևորեց ամենամյա օլիմպիադայի անցկացումը, ինչպես նաև այս տարվա նորամուծությունը՝ ավագ դպրոցականներին ևս մրցույթում ընդգրկելը: Պրոֆեսորն ուրախությամբ նկատեց՝ զգալիորեն մեծացել են մրցույթի մասնակիցների թիվը. առավել ոգևորող է նաև ավագ դպրոցականների մասնակցության բարձր ցուցանիշը:

«Վերջին փուլում աշակերտներն անդրադարձել են կրթական կամ դպրոցական հիմնախնդիրներին, բակալավրերը՝ կատարել մանկավարժական իրավիճակի վերլուծություն, իսկ մագիստրոսները կարդացել են քարոզներ՝ «Յուրաքանչյուր երեխա ապրելու իրավունք ունի», «Յուրաքանչյուր երեխա անհատականություն է» կամ «Երեխան մարդ է և ընկեր» թեմաներով»,-ամփոփեց Աիդա Թոփուզյանն ու շնորհավորեց մասնակիցներին ու հաղթողներին:

Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհավորեց մասնակիցներին և ընդգծեց, որ մրցույթին մասնակցությունը հնարավորություն տվեց առաջին հերթին բավարարել հաղորդակցության պահանջմունքը. «Ձեռք բերեցիք ընկերներ, գիտելիքներ, թարմացրիք հետաքրքրությունների շրջանակը, ինչը հնարավորություն կտա մասնակցել այլ օլիմպիադաների և մրցույթների»,-նշեց պրոռեկտոր Գևորգյանը:

Օլիմպիադայի նախառենողներից դոցենտ Գայանե Աղզումցյանն ընդգծեց, որ արդեն ավանդական դարձած օլիմպիադան մեծ դեր ունի ուսանողի մասնագիտական կայացման հարցում և մասնակցությունն արդեն իսկ հաղթանակ է:

«Օլիմպիադան լուսաբանեց մասնակիցների գիտելիքների մակարդակը, յուրատեսակ մտածելակերպը, որոնողական, ստեղծագործական աշխատանք կատարելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու հմտություններն ու կարողությունները»,-նշեց Գայանե Աղզումցյանն ու դիմելով մասնակիցներին՝ վստահեցրեց՝ այս հաջողությունները, ձեռքբերումները նաև ուսուցիչներինն ու դասախոսներինն են:

№104 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանն էլ հավելեց, որ համահամալսարանական միջոցառումը ծառայել է իր նպատակին և հավելեց, որ կձգտեն հաջորդ տարի վերացնել աշխատանքի ընթացքում ծագած թերություններն ու խնդիրները:

«Դպրոցում կազմակերպվում են տարբեր առարկաներից օլիմպիադաներ, բայց սա նոր շունչ էր և աշակերտները մեծ ոգևորությամբ մասնակցեցին: Մանկավարժության վերաբերյալ աշակերտների զեկույցերը և´ զարմացրին, և´ հիացրին: Ես շատ կուզեի, որ դրանց ծանոթանար մանկավարժության ոլորտի յուրաքանչյուր աշխատակից. դրանք կրթական համակարգի վրա էական ազդեցություն կարող են ունենալ»,-նշեց ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի /ավագ դպրոց / տնօրեն Նաիրա Սաֆարյանը:

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software