Այսօր ամփոփվեցին Մանկավարժական համալսարանում տարբեր սպորտաձևերի աղջիկների և տղաների թիմերի միջֆակուլտետային մրցումների արդյունքները:
ՀՊՄՀ-ի 10 ֆակուլտետների, № 57 դպրոցի և Հենակետային (ավագ դպրոց) վարժարանի թիմերը 10 օրերի ընթացքում մրցեցին ֆուտբոլի, վոլեյբոլի, շախմատի, սեղանի թենիսի և հրաձգության սպորտաձևերում՝ դրսևորելով սպորտային փայլուն արդյունքներ և մարզական խաղերին մասնակցելու ոգևորություն:
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց մրցաշարի բոլոր մասնակիցներին, հաղթող թիմերին, ինպես նաև մրցաշարը կազմակերպած Ուսանողական խորհրդին և Շախմատի և սպորտի ամբիոնին, որոնք խիստ կարևորում և նպաստում են բուհի սպորտային ձեռքբերումներին:
«Մենք ծայրաստիճան կարևորում ենք համալսարանում տարբեր սպորտաձևերի դրվածքը. այն բուհում, որտեղ ֆիզիկական դաստիարակությունը լավ հիմքի վրա է, շահում է ամբողջ ուսումնական գործընթացը»,-նշեց ռեկտորն ու հույս հայտնեց, որ մրցաշարը կդառնա ավանդույթ՝ բուհին բերելով սպորտային նոր նվաճումներ և ձեռքբերումներ:
Մրցաշարի մասնակիցներին շնորհավորեց նաև Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչ Սմբատ Լպուտյանը՝ այն մարզասեր ուսանողների համար որակելով իսկական տոն. «Միասնական պայքարը հաղթանակի գրավականն է, եղեք համախմբված և մրցաշարը դարձրեք ամենամյա տոն»:
Միջֆակուլտետային մրցաշարի հանդիսավոր փակման ընթացքում պատվոգրեր և գավաթներ հանձնվեցին ֆուտբոլի, վոլեյբոլի, շախմատի, սեղանի թենիսի և հրաձգության աղջիկների և տղաների թիմերին:
Գավաթներ տրվեցին նաև մրցաշարում թիմային առավելագույն արդյունքներ հավաքած ֆակուլտետներին. առավելագույն միավորներով 3-րդ տեղում Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետն է, 2-րդում՝ Հենակետային (ավագ դպրոց) վարժարանը, իսկ 1-ին՝ Կուլտուրայի ֆակուլտետը: