Հունիսի 24-ին Ծաղկաձորում կայացավ աշակերտական ինքնավարության մարմինների հինգերորդ համադպրոցական համաժողովը։ Համաժողովին մասնակցում էին ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների ներկայացուցիչները և ուսուցիչները, որոնք աշխատաժողովի ընթացքում բարձրացնում էին աշակերտների շրջանում առկա հիմնախնդիրները, քննարկում աշակերտությանը հուզող հարցեր և փորձ անում գտնել դրանց լուծման ուղիներ:
Աշխատաժողովը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Աշակերտների հայկական ասոցիացիա» կրթական հասարակական կազմակերպության կողմից։
Աշակերտական ինքնավարության մարմինների համադպրոցական համաժողովի մասնակիցների հետ հանդիպեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Հայաստանի երիտասարդական հմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Կարեն Ավագյանը։ Հանդիպման ժամանակ աշակերտները նախարարին ուղղեցին իրենց հուզող հարցերը:
Ծաղկաձորյան հավաքի շրջանակներում կազմակերպվել էին նաև մի շարք դասընթացներ։ Ծրագրի ընթացքում պարգևատրվեցին 2016-2017 ուսումնական տարվա ընթացքում ակտիվությամբ աչքի ընկած աշակերտական խորհուրդների ներկայացուցիչները։