Մարտի 14-ին համալսարանի գիտական խորհրդի նիստում հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ս. Դանիելյանն ամփոփեց արդեն երկրորդ տարին անցկացվող Ռուբեն Սևակի անվան ամենամյա մրցույթի արդյունքները: Այն հովանավորում է բանաստեղծի եղբորորդին` բարերար Հովհաննես Չիլինկիրյանը:
Մանկավարժական համալսարանում մրցույթի մասնակիցների թվում էր նաև վարժարանի հումանիտար հոսքի լրագրություն ենթահոսքի 11-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Բարսեղյանը:
Մրցանակը շնորհվեց չորս հոգու, որոնցից երեքը բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողներ էին, իսկ հատուկ խրախուսական մրցանակը Միլենայինն էր:
Միլենան ներկայացրել է վերլուծական խոհագրություն` շեշտը դնելով Ռուբեն Սևակի հեթանոսական, քրիստոնեական մտածումների վրա, նրա փիլիսոփայական բանաստեղծությունների, կենսագրական հետաքրքիր պատմությունների վրա, որոնցում երևում է մեծ բանաստեղծի մեծ մարդասեր լինելը:
Նա Ռուբեն Սևակ գրողին ուսումնասիրել է ինքնուրույն, քանի որ գրողը զետեղված չէ դպրոցական ծրագրում: Սա Միլենա Բարսեղյանի հերթական հաղթանակն էր, որի համար նա շնորհակալ է համալսարանին՝ մրցույթի կազմակերպիչներին և հովանավորին, երախտապարտ՝ վարժարանին ունեցած հնարավորությունները մրցակցային դարձնելու ու լավագույն ձևով ներկայանալ կարողանալու համար:
Վստահ ենք՝ համալսարան-վարժարան այս կապը և ուսանողների հետ առողջ մրցակցային հարաբերություններն ու հնարավորությունները ոչ միայն նպաստում են մասնագիտական ճիշտ կողմնորոշմանը, նոր հորիզոններ բացում աշակերտների համար, այլ նաև խթանելու են նրանց ստեղծագործական միտքը և կայունացնելու հավատը՝ աշխատանքը միշտ արժևորված է: