Էրազմուս+ PROVE՝ «Արժեքներին միտված կրթության խթանումը Հարավային Կովկասում» նախագծի շրջանակում ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ու Օտար լեզուների ֆակուլտետների ուսանողներ Ռուզաննա Մարգարյանն ու Անի Գյումրյանը հաջողությամբ իրականացրին «Սոցիալական ցանցերի բացասական կողմերը․ կիբերբուլինգ» խորագրով համայնքային գործողությունների ծրագիրը։
Նախաձեռնության իրականացմանը մասնակցել են նաև այլ ֆակուլտետների երեք ուսանող՝ Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Մարիանա Ավետիսյանի և նախագծի համակարգող Գոհար Առաքելյանի աջակցությամբ։
Ավելի քան երկու ամիս տևած ծրագրի նպատակն էր բարձրացնել դեռահասների իրազեկվածությունը կիբերբուլինգի վերաբերյալ, նպաստել թվային էթիկայի տարածմանը և երիտասարդներին զինել անվտանգ առցանց վարքագծի հմտություններով:
Ծրագրի շրջանակում ՀՊՄՀ Հենակետային վարժարանի (ավագ դպրոց) աշակերտների հետ անցկացվեց հանդիպում-սեմինար։ Ուսանողները ներկայացրին կիբերբուլինգի դրսևորման ձևերն ու հոգեբանական հետևանքները, ապա կազմակերպեցին ինտերակտիվ քննարկում՝ կիրառելով VaKE (արժեքահեն և գիտելիքահեն ուսուցում) մեթոդաբանությունը։
Քննարկման հիմքում բարոյական դիլեման էր։ Աշակերտները վերլուծեցին կիբերբուլինգի ենթարկված դեռահասի, դպրոցական համայնքի և ականատեսների դերերն ու պատասխանատվությունը՝ փորձելով գտնել արդարացի և վերականգնողական լուծումներ։
«Մեր նպատակն էր ոչ միայն տեղեկացնել, այլև աշակերտներին տալ գործիքներ, որպեսզի նրանք անտարբեր ականատեսից վերածվեն պատասխանատու թվային քաղաքացիների։ VaKE մեթոդաբանությամբ դիլեմաների քննարկումը ցույց տվեց, որ երիտասարդները պատրաստ են բաց խոսել իրենց հուզող խնդիրների մասին»,-ծրագրի արդյունքներն ամփոփելիս aspu.am-ի հետ զրույցում նշեցին թիմի համակարգողներ Ռուզաննա Մարգարյանն ու Անի Գյումրյանը։