Բուհ-դպրոց համագործակցության շրջանակներում այսօր Մանկավարժական համալսարանում բացվեց «Աշնանային» խորագրով ցուցահանդես: Ուսանողների և աշակերտների համատեղ ցուցադրությունը նվիրված էր բուհի 95-ամյակին:
Տարբեր դպրոցների աշակերտներ ցուցադրության էին ներկայացրել ջրաներկով և գուաշով արված շուրջ 100 ստեղծագործություն:
Իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին նաև ՀՊՄՀ հենակետային վարժարանի մշակութային /նկարչություն/ հոսքի աշակերտները: Նրանք չթաքցրին իրենց ոգևորությունն ու ուրախությունը բուհում հյուրընկալվելու, ինչպես նաև ստեղծագործությունները համալսարանում ներկայացնելու համար: Նրանք հույս հայտնեցին, որ հետագայում ևս առիթ կընձեռվի ցուցադրվելու և ներկայացնելու նոր աշխատանքներ ու ստեղծագործություններ:
Ձեռնարկի նախաձեռնողը Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի դոցենտ Ժաննա Խաչատրյանն էր, ում կարծիքով՝ համալսարանում աշակերտական աշխատանքների ցուցադրությունը նպաստում է բուհի հանդեպ հետաքրքրության բարձրացմանը, իսկ ուսանողների հետ հանդես գալը՝ կրկնակի ոգևորմանը:
Աշակերտները բուհից վերադարձան բարձր տրամադրությամբ և շնորհակալագրով:
Վարժարանցիների մասնակցությունը ջերմ ողջունվեց նաև տնօրինության և ուսուցչական կազմի կողմից: Աշակերտությունը նույնպես շնորհավորեց մշակութային / նկարչության / հոսքի մասնակիցներին՝ մաղթելով նրանց նորանոր հաջողություններ: