Այց Ավ. Իսահակյանի տուն-թանգարան

27.11.2017

«...Մեռնեի՝ Սևանը ցամաքած չտեսնեի, չմեռնեի՝ Արարատը մերը տեսնեի։» 1957 թվականի հոկտեմբերի 30-ին՝ 81 տարեկան հասակում, կյանքից հեռացավ հայ գրականության կարկառուն դեմքերից մեկը՝ Ավետիք Իսահակյանը՝ Վարպետը։ Անցկացնելով կյանքի վերջին տասը տարին Զարոբյան փողոցի վրա գտնվող իր տանը՝ այդպես էլ չտեսավ Մասիսը հայերի ձեռքում և ոչ էլ՝ Արևմտյան Հայաստանը ազատագրված։ Գրողի մահից վեց տարի անց՝ 1963 թվականի հոկտեմբերի 31-ին, բնակարանը դարձավ տուն-թանգարան։

Օրերս այստեղ իրենց գրականության արտագնա դասն անցկացրին հումանիտար (անգլերեն) հոսքի 11-րդ դասարանի սաները։ Գիդ-էքսկուրսավարը հանգամանորեն ծանոթացրեց աշակերտներին գրողի տան նույնությամբ պահպանված առանձին մասերի, անձնական իրերի, ձեռագրերի հետ, պատմեց նրա ընտանիքի, կենցաղի, ինչպես նաև գրական ու հասարակական գործունեության մասին։

Տան ամենասիրելի վայրը գրողի համար իր աշխատասենյակն ու փոքրիկ տնամերձ այգին էին։ Հաճախ, աշխատանքից ու օրերով սենյակում փակված լինելուց հետո դուրս էր գալիս այգի, նստում հատուկ իր համար քանդակված նստարանին, խորհում ու վայելում վաստակած հանգիստը։

Վարպետի տանն առանձին հպարտությամբ են խոսում ընդարձակ գրադարանի մասին, որտեղ ոչ միայն հայերեն, այլև օտարալեզու, հատկապես ֆրանսերեն և հին

գերմաներեն գրքեր կան։ Մի առիթով նույնիսկ նա ասել է. «Այնքան լավ գրքեր կան գրված, որ ցանկություն է առաջանում ոչ թե գրելու, այլ ամբողջ կյանքը կարդալուն նվիրելու»։

Վերջին կարդացած գիրքը եղել է Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ը, որը մնացել է անավարտ և թանգարանում ցուցադրված է վերջին բացված էջը:

Նշենք, որ թանգարանում են պահվում մշակութային արժեքավոր իրեր՝ կտավներ, փոքրիկ  քանդակներ, այդ թվում նաև տիկին Սոֆյայի կիսանդրին, մի շարք հազվագյուտ գրքեր և հյուրասենյակը զարդարող շքեղ գորգ, որը նվեր էր էպոսի հազարամյակին։

Աշակերտները տպավորված էին. լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել:

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software