Դավիթ Խատայան՝ մերօրյա հերոս, վարժարանի շրջանավարտ

04.05.2016

Օրինակելի, կարգապահ, խելացի և զուսպ. այսպես են բնորոշում ՀՊՄՀ-ի Հենակետային վարժարանի և Մանկավարժական համալսարանի շրջանավարտ, ժամկետային զինծառայող Դավիթ Խատայանին, ով բարձր մարտական ու բարոյակամային հատկանիշների դրսևորման համար օրերս սպայի կոչմամբ պարգևատրված 5 զիվորներից մեկն է:

2007-2009 թթ. Դավիթ Խատայանը սովորել է վարժարանի Ֆիզիկամաթեմատիկական հոսքում, ապա ուսումը շարունակել Մանկավարժական համալսարանի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի Կերպարվեստ և գծագրություն բաժնում:Վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը լավ է հիշում՝ դեռ դպրոցական տարիքից Դավիթն առանձնանում էր պատվախնդրությամբ ու ընկերոջն օգնելու պատրաստակամությամբ, ինչն ապացուցվեց նաև սահմանում:

Տնօերնը մշտապես հետաքրքրվում է վարժարանի շրջանավարտ զինվորների մասին, Դավթի մասին լուրերը միայն հպարտացնող էին. «Մայրը փոխանցում էր ուսուցիչներին ուղարկված նրա ողջույնները, որ մշտապես զարմանքի հետ էին ուղեկցվում. ամեն անգամ խոսելիս մեր փոխարեն ինքն էր մեզ գոտեպնդում՝ լավ եմ, դուք լավ լինեք»:

Ապրիլյան դիմակայության օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով հակառակորդի նախաձեռնած հարձակողական գործողությունները հետ մղելիս զոհվել է նրա հրամանատարը՝ Արգիշտի Գաբոյանն ու ծառայակից ընկերները, սակայն Դավիթն ու մարտական ընկերները, փոխարինելով զոհված հրամանատարին, կարողացան տվյալ հատվածում հայկական ուժերի օգտին բեկել մարտական գործողությունների ընթացքը:

Մայրը՝ Աննա Խատայանը, ՀՊՄՀ-ի Հենակետային վարժարանում անգլերենի ուսուցչուհի է, լսելով որդու սպայական կոչում ստանալու մասին լուրը՝ անակնկալի է եկել. որդին ոչինչ չէր ասել, քչախոս է, զուսպ:

Տղայի մասին խոսելիս՝ մայրն անհանգստանում է. «Դավթին դուր չի գա, որ այս մասին բարձրաձայնվել է: Ցանկացած շնորհավորանքի նա պատասխանում է՝ ինչիս է պետք. ստացած յուրաքանչյուր պարգև կամ պատվոգիր ոչինչ է համարում մարտական ընկերների զոհվելու դիմաց»:

Աննա Խատայանը լավ է հիշում, թե ինչպես անակնկալի եկավ, երբ տղան մի օր մորը զգուշացրեց զինկոմիսարիատ գնալու մասին ու խիստ հորդորեց՝ չմիջամտես, բանակ եմ գնալու: Ճանապարհեց ու մեկ ամսից սպասում է տղային բարձր տրամադրությամբ դիմավորելուն, բայց մի բան կիսատ է, անավարտ՝ հպարտության ու արժանապատվության կողքին տղայի ապրումներն են՝ զոհված ընկերների վրեժը լուծելու, նրանց կիսատ թողած գործը ավարտին հասցնելու ցանկությունը:

1 ամիս է մնացել ծառայության ավարտին, սակայն մայրը կասկածում է՝ արդյո՞ք որդին կթողնի այն սահմանները, որի պաշտպանության համար ընկերներին է կորցրել:

Հրամանատարի հուղարկավորությանը մասնակցելու համար ընդամենը 3 ժամով Դավիթը տուն էր եկել՝ նախապես զգուշացնելով՝ ոչինչ չհարցնեք, ամեն ինչ լավ է:

Շրջանավարտ Դավիթ Խատայան անունն արդեն վարժարանցիների և աբովյանականների շուրթերին է՝ չնայած որ նրանք հպարտանում են մերօրյա բոլոր հերոսներով ու հույս հայտնում՝ հեռու չէ հաղթանակած զինվորների վերադարձի օրը:

Այսօր մայրական անհանգստությունը ոչ մի վայրկյան չի լքում Աննա Խատայանին, վստահ է՝ որդին դիրքերում է նույնիսկ հանգստի ժամին, բայցև նույն վայրկյանին ձեռքի մեջ սեղմում է օրհնված զույգ խաչերից մեկը, որի մյուսը որդու մոտ է. «Երբ խաչը ափիս մեջ շատ է տաքանում, այդ պահին վստահ եմ՝ տղաս զինվոր է փրկում»:

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software