«Ձեռս մաշվի, դառնա ի հող, գիրս մնա հիշատակող»

05.12.2024

        Սա հերթական դասարանի հերթական այցելությունը չէր Մատենադարան։ Սա վերջին մեր տարիների փոթորկոտ օրերից հետո լուսավոր հանգրվանի կարոտ էր ու  կարոտ-ծարավը հագեցվելու էր դարձյալ անցյալին գցված հայացքով։ Ամենօրյա հոգս ու խնդիրներից, արված ու չարվածի գնահահատումից  ծանրացած խոհով հետևում ես օրերի հերթագայությանը մինչև այն պահը, երբ հույսը ծաղկում էդու տեսնում ես դեմքեր, որ ժպտում են, որ իրենց գոյությամբ իսկ արդեն հույս ու հավատ են, որ չեն ապրել ողբերգական պարտություն, և, վերջապես, նորին, ապագային միտված միտք ու հոգի են սա նրանք են ՝ մեր աշակերտներն ու մեր զավակները։

        Ու փոխվում է անցյալին ուղղված հայացքիդ նպատակը ո՞ւր պիտի տանեն մեր քայլերը, եթե ոչ Մատենադարան, որը սոսկ հիշողությունների դամբարան չէ գանձարան է, որ ամեն սերնդին տալու բան ունի, հորդորակ է՝ ուղղված աշխարհին ու ամենից առաջ մեզ, այս երկրում ապրող հին ու նոր մարդկանց՝ «Ձեռս մաշվի, դառնա ի հող, գիրս մնա հիշատակող»։ Ասել է թե՝  մենք էլ ապագային հիշատակություն թողնելու խնդիր ունենք, ու հարկ է խորհել, թե ինչ հիշատակ ենք թողնելու։

        Հարկ է սովորեցնել լինել  հիշատակություն, հիշողություն ամբարող ու լինել, անպայման լինել  շարունակությունն այն մարդկանց, որոնց կյանքն ու պատմությունը պատմվում է բազալտակուռ այս պատերի ներսում հանգրվանած, նրանց ձեռքով ծաղկած  լույս մատյանների էջերում։

        Այս խոհերն էին «հերթական անգամ հերթական դասարաններին»՝ ՀՊՄՀ  հենակետային վարժարանի  տասներորդցիներին Մատենադարան տանելու պատճառ-նպատակը։

        Ավարտվող աշնան այդ օրը ոգեղենացավ, որովհետև մենք՝ վարժարանի հայոց պատմության ուսուցիչ Խաչիկ Խամիսյանը, ես ու 10-րդ դասարանների աշակերտները, ոչ միայն տեսանք դարերի հարվածներից մաշված ու նոր շունչ ու կերպարանք առած մատյաններ, գրավոր հիշատակություններ, այլ կարծես դարձանք «անարյուն այն ճակատամարտի զինվորները, որ, Պ Սևակի բնութագրմամբ,  սկսել էր ինքը՝ սուրբ Մաշտոցը»։

     Ահա Մշո ճառընտիրը՝ եղեռնապուրծ ամենամեծ մատյանը։ Տարագրության ճամփան բռնած երկու հայ կին, չկարողանալով շալակել համարյա երեսուն կիլոգրամ կշռող մատյանը, բաժանում են երկու մասի, բերում-հասցնում են Հայստան։ Բնութագրակա՞ն է, չէ՞ հայրենազուրկ կինը ունեցվածք չի փրկում, ոսկի, արծաթ չէ շալակին, գիրք է՝ սրբազան մասունք։ Ահա կիլիկյան դպրոցի մատյանները՝ հայ մանրանկարչության գլուխգործոցները, ահա Պտղոմեոսի քարտեզը, ուր խոշոր տառերով «գրանցված» ARMENIA երկիրը հարևանություն է անում հին աշխարհի հզորների հետ, ահա Սայաթ-Նովայի, Նաղաշ Հովնաթանի ինքնագիր մատյանները, մատյաններ, ուր պատմվում է այլ երկրների մասին, և դրանք միակ հիշատակություններն են այդ երկրների պատմական ամենատարբեր իրադարձությունների մասին, ահա Նարեկի բազմաթիվ օրինակները՝ մեկը մեկից կատարյալ, համբույրներից մաշված մետաղական կազմով Ավետարաններ, գույների զգլխիչ խաղ՝ որդան կարմիր, լաջվարդ, ոսկի, անուշաբույր յուղեր, արքայական կենարար  թուրմեր։ Մատենադարանից դուրս ես գալիս լիացած հոգով, խոհերով ծանրաբեռ դեռ ժամանակ է պետք ամեն ինչ հասկանալու, վերապրածդ ընկալելու, արժևորելու համար։

      Մատենադարան գնալու նպատակը թույլ տվեք սահմանել Հրանտ Մաթևոսյանի խոսքերով «Հայրենիքները չեն տրվում մեկընդմիշտ, հայրենիքները նվաճվում են ամեն օր։ Մեկընդմիշտ տրված հայրենիքներ չկան։ Ո´չ մի ժառանգ, ո´չ մի սերունդ, որտեղ և ումից էլ սերված լինի, մեկընդմիշտ ապահովագրված չէ փչանալու ժանգից»։   Շարունակելով մեծ գրողի խոհը՝ ինձ թույլ եմ տալիս հավատալու, որ  մեր աշակերտները վաղն կրկնելու են նրա բառերը՝ «Ես զինվորս, կանգնել եմ մեն մի անգամ մի եզակի անգամ ինձ տրված ժամանակի մեջ ու ասում եմ ես  ես եմ, ես տե´ր եմ իմ ժամանակին, ես իմ ժամանակի տերն եմ, այս իմ չարչարված երկիրն է, որ ես հայրենիք եմ դարձնում, իմ հայրենիքը»։

        Հայոց լեզվի և հայ գրականության ուսուցիչ Աշխեն Բաբայան

Հ Գ Շնորհակալություն ենք հայտնում Մատենադարանի գիտաշխատող Լիլիթ Հովսեփյանին՝ էքսկուսիայի կազմակերպմանը մեծապես աջակցելու համար։

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software