Երբ հեղինակն ու հերոսները հանդիպում են. Թումանյանական շունչը Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանում

20.02.2026

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանի կամարների ներքո այս օրերին յուրահատուկ եռուզեռ էր. տոնվում էին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը և Գիրք նվիրելու տոնը։ Սակայն այս տարվա տոնակատարությունը սովորական միջոցառում չէր. այն վերածվեց ժամանակների կապի և գրական հերոսների ինքնատիպ «հարության»։ Պատկերացրեք մի տեսարան, որտեղ Մեծ վարպետը՝ Թումանյանն ինքը՝ որպես օրվա բացառիկ հյուր, շրջում է վարժարանի դասարաններով, դիտում ու լսում իր իսկ կերտած կերպարներին։

Պատմական 10-րդ դասարանում տեղի ունեցավ անհավանականը. Թումանյանը դեմ առ դեմ հանդիպեց իր հերոսներին։ Անուշը, Անբան Հուռին,Թամարն ու Քաջ Նազարը դուրս էին եկել գրքի էջերից և հարցեր ունեին իրենց ստեղծողին։ Այս յուրօրինակ երկխոսության ընթացքում Թումանյանը մեկնաբանեց իր նպատակները՝ բացատրելով, թե ինչու է նրանց արժանացրել հենց այդպիսի ճակատագրերի։ Դա միայն գրականություն չէր, այլ մարդկային բնավորության, ներքին հակասությունների և հոգու ուժի խոր վերլուծություն։ Հատկանշական էր նաև հանդիպումը հայոց լեզվի և գրականության հոսքի աշակերտների հետ, որոնք Վարպետին դիմավորեցին հատուկ տիկնիկային ներկայացումով։ Այստեղ էր, որ հերոսների շարժումը, ձայնը, պարն ու երգը միաձուլվեցին՝ փոխանցելով այն խոր զգացմունքայնությունը, որը դրված է թումանյանական տողերի տակ։ Աշակերտները ջանում էին ամեն կերպ գտնել «եդեմական ծաղիկը»՝ այն համարելով մեր ազգի ազատության, հավերժության և հավաքական երազանքի խորհուրդը։

Այս ամենի մեջ առանձնակի շեշտվեց բանաստեղծի ու հերոսի հոգևոր կապը. երբ Թամարը, կանգնած անձնական տառապանքի և հավերժության միջև, հարցնում էր. «Ինչո՞ւ, Վարպե՛տ... Ինչո՞ւ զրկեցիր ինձ այն ամենից, ինչի համար արժեր ապրել», Թումանյանը իմաստունի դիրքերից պատասխանում է՝ իր դաժան գրիչը իրականում փրկություն էր ժամանակի մահից։ Այսպիսով՝ Թումանյանի հերոսները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ նրանք լոկ թղթին հանձնված կերպարներ չեն, այլ ապրում են մեր իրականության մեջ՝ սովորեցնելով, որ սերը, տոկունությունը և համատեղ ջանքը կարող են փոխել ճակատագրեր։ ՀՊՄՀ հենակետային վարժարանում տեղի ունեցած այս շրջայցը ցույց տվեց, որ Թումանյանը մշտական ներկայություն է, որն օգնում է մեզ դարձնել տառապանքն առավել իմաստալից, իսկ կյանքը՝ հավերժական։

Բոլոր դասարաններում աշակերտները մեծ խանդավառությամբ նշեցին նաև Գիրք նվիրելու տոնը, որի առիթով բոլորը՝ աշակերտներից մինչև ուսուցիչներ, մեծ սիրով գրքեր էին նվիրում միմյանց՝ վերահաստատելով ընթերցանության և գիտելիքի կարևորությունը մեր կյանքում։ Գիրքը դարձել էր այն կամուրջը, որը կապում էր սերունդներին և ներկաներին մոտեցնում թումանյանական անմահ արժեքներին։

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software