ՀՊՄՀ հենակետային վարժարանի հումանիտար /հոգեբանություն/ հոսքի 10-րդ դասարանի աշակերտները հոկտեմբերի 12-ին՝ Երևանի 2799 ամյակին ընդառաջ, դասղեկի և պատմության ուսուցչի հետ համատեղ այցելեցին «Էրեբունի» պատմահնագիտական թանգարան: Հնագետ Միքայել Բադալյանի ուղեկցությամբ՝ աշակերտները շրջեցին նախ թանգարանում, որտեղ ցուցադրվում են «Էրեբունի» և «Թեյշեբայինի» բնակավայրերից հայտնաբերված գտածոներ, ապա մեծ ոգևորությամբ բարձրացան հնամենի ամրոցը՝ ծանոթանալով միջնաբերդի ճարտարապետական կառույցներին:
Միքայել Բադալյանը պատմեց, որ Էրեբունին ուրարտական բերդաքաղաք էր ներկայիս Երևանի տարածքում: Այն մեկն էր Ուրարտու պետության հյուսիսային սահմանի երկայնքով կառուցված մի քանի քաղաք-ամրոցներից, ինչպես նաև կարևորագույն քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոններից: Ընդունված է համարել, որ Երևան քաղաքի անունը ծագում է Էրեբունի անունից:
ՈՒրարտական թագավոր Արգիշտի Ա-ն Արաքս գետի հովտին նայող Արին-բերդ բլրին Ք.ա. 782թ.-ին հիմնադրել է Էրեբունի բերդաքաղաքը՝ իբրև թագավորության հյուսիսային սահմանների ռազմաստրատեգիական կենտրոն: Գրավելով ներկայիս Երևանից դեպի հյուսիս և Սևանա լճից արևմուտք ընկած տարածքները (ուր այժմ Աբովյան քաղաքն է)՝ Արգիշտին կառուցում է Էրեբունի քաղաքը՝ շինարարական աշխատանքներում ներգրավելով բազմաթիվ գերիների:
Աշակերտները սովորեցին նաև վերլուծել սեպագիր արձանագրություններ:
Էքսկուրսիայից 10-րդ դասարանցիները ստացան վառ տպավորություններ և լրացրին իրենց գիտելիքների պաշարը: