Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ այսօր ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանում հարգանքի տուրք մատուցվեց 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին: Ժամը 11.41-ին բոլորը մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը, և տեղի ունեցավ մոմավառություն:
Տարբեր դասարանների կողմից կազմակերպվել էին օրվան նվիրված դաս-միջոցառումներ:
Հումանիտար հոսքի անգլերեն ենթահոսքի 10-րդ դասարանի աշակերտների կողմից (անգլերենի ուսուցչուհի՝ Աննա Խատայան) անցկացվեց բաց դաս-միջոցառում: Միջոցառումն սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ Սպիտակի երկրաշարժին զոհ գնացած հազարավոր անմեղ մարդկանց հիշատակին նվիրված հարգանքի տուրքով: Սահուն անգլերենով և տեսաֆիլմերի ցուցադրմամբ աշակերտները ներկայացրին 1988 թ. տեղի ունեցած ողբերգությունը, խոսեցին երկրաշարժի պատճառած մարդկային և նյութական կորուստների, աշխարհի տարբեր երկրներից ձեռք մեկնած օգնությունների, մի խոսքով՝ բնական աղետի դաժանության և մարդկային անսահման գթասրտության մասին: Առանձնահատուկ ընդգծվեց մեծ հայի՝ Շառլ Ազնավուրի ցուցաբերած օգնությունը. երկրաշարժից անմիջապես հետո նրա հիմնած «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը բարոյական ու նյութական մեծ աջակցություն էր աղետից տուժածներին: Աշակերտների ներկայացրածն ուղեկցվեց երկրաշարժի տեսարանների տեսացուցադրմամբ և նրանց կողմից հուզիչ երգ-երաժշտության կատարմամբ:
Աշակերտական խորհրդի (նախագահ՝ Լևոն Բուռնազյան) և շարունակական պրակտիկա անցնող ֆիզիկա, բնագիտություն մասնագիտությամբ 3-րդ կուրսի ուսանողների (մեթոդիստ՝ Նաիրա Սաֆարյան) կողմից նույնպես կազմակերպվել էր միջոցառում: Շատ հուզիչ էր հատկապես այն դրվագը, որտեղ պատկերվում էր երկրաշարժ տեսած կնոջ հոգեվիճակը: Միջոցառումը եզրափակվեց Շառլ Ազնավուրի <<Քեզ համար, Հայաստա՛ն>> երգով:
Միջոցառումը հավաստեց, որ ոչինչ չի մոռացվել, որ անցած ողբերգություն չի լինում. երկրաշարժի զոհերի հիշատակը մեր հուշերում ու հիշողություններում է: