Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի սկզբնական կրթության ֆակուլտետի մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը հայտարարել էր ստեղծագործական աշխատանքների մրցույթ: Վերջինիս մասնակցում էին նույն ֆակուլտետի ուսանողները, ինչպես նաև հենակետային վարժարանի, Երևանի 149 և 198 ավագ դպրոցների աշակերտները:
Մայիսյան եռատոնին ընդառաջ ամփոփվեցին արդյունքները: Վարժարանի հումանիտար /լրագրության/ հոսքի 10-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Բարսեղյանը իր՝ <<Ես մի ծիլն եմ քո հողի>> շարադրությամբ հաղթողների շարքում էր: Մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտները ստացան խրախուսական մրցանակներ՝ պատվոգրեր, գրքեր:
Շնորհակալություն ենք հայտնում կազմակերպիչներին: Կարծում ենք ՝ մրցույթը խրախուսիչ էր, իսկ Միլենային մաղթում ենք ստեղծագործական բեղուն հաղթարշավ:
/Հատված շարադրությունից/
Դու Մաշտոցի ոստանն ես, Դու Լուսավորիչն ես, Դու որդան կարմիրն ես, նորածին Գյումրին ես, Արցախի կնքահայրը, ծիրանն ու նուռը, Սահյանին բացակա չդնողը, Թումանյանի «Անուշ»-ի հայրը, Ապրիլի քսանչորսը, թոնրի լավաշ-հացը, Նժդեհի երազած «Ցեղակրոն»-ն ես, ծովից ծովն ես, Հայաստա՛ն։
Իմ սիրտը Արարատից պոկված մի կտոր է։ Այն քո մի մասն է, դու՝ նրա ընդհանրությունը։ Դու իմ ափում տեղավորված մի կաթիլ ես, իմ անմար կրակն ես, ներշնչանքի աղբյուրը։
Երազում եմ, այնպես ծառայել քեզ, որ Սևանս մենակ չմնա, որ այն Վանան ու Ուրմիան նորից լինեն նրա կողքին ու Քո ներսում։ Այնպես ծառայել քեզ, որ, երբ ծնվի ժամանակիս Րաֆֆին, իմանա, որ ես եմ լինելու իր գրքի «Խենթը»։ Ուզում եմ՝ Աստված ինձ տա այդ շնորհը, նորից միացնելու քո մասնատված բեկորները։ Ուզում եմ՝ յուրաքանչյուր հայ իր անուշ Հայաստանի արևահամ բառը սիրի, գնահատի իր աղոթքի լեզուն, խոնարհվի քո առջև…