Երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված, համաճարակային իրավիճակից ելնելով՝ արտակարգ դրության պայմաններում Հայաստանի հանրապետությունում կրթական ողջ համակարգը (դպրոց, քոլեջ, բուհ) մեծ փորձության ենթարկվեց և հարկադրաբար անցավ հեռավար ուսուցման: Ինչպես Մանկավարժական համալսարանում, այնպես էլ հենակետային վարժարանում (ավագ դպրոցում) առցանց ուսուցումը կազմակերպվեց շատ արագ, առանց ավելորդ խոչընդոտների: Յուրաքանչյուր ուսանող և աշակերտ ընդունված օրվանից ծանոթանում է ուսուցման օնլայն՝ Google Classroom հարթակի կիրառությանը, որը մանկավարժական համալսարանում տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է։ Առցանց ուսուցման գործիքների տիրապետելը մեծ հնարավորություն է ցանկացած իրավիճակում ուսուցման գործընթացի անընդհատությունը ապահովելուն: Թե´ ուսուցիչները և թե´ աշակերտները այն կարծիքին են, որ չնայած կենդանի շփումը ավելի նախընտրելի է, սակայն առցանց ուսումնական գործընթացն էլ մեծ հնարավորություն է ինչպես լսարանում, այնպես էլ առցանց հարթակում պատշաճ կազմակերպել դասը, լսել դասախոսություններ և անցկացնել քննարկումներ։ Եվ որքան շատ ուսումնասիրենք կրթական առցանց գործիքները, այնքան դյուրին և արդյունավետ կլինի անհրաժեշտության դեպքում ցանկացած առարկայի առցանց ուսուցումը։ Գնահատելին այն է, որ ASPU Google Meet հավելվածի միջոցով աշակերտները անհրաժեշտության դեպքում կարողանում են կապ հաստատել իրենց ուսուցիչների հետ և բնականոն հունով շարունակել դասապրոցեսը։ Այսօր, երբ վարժարանում ընթանում է ուսումնական բնականոն գործընթաց (չնայած համավարակը շարունակվում է), այդ գործիքների միջոցով հնարավորություն ունեցանք արտերկրում գտնվող վարժարանի պատմություն առարկայի ուսուցիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանի դասերը, վարժարանի պատմահասարակագիտական ենթահոսքի 10-րդ դասարանում կազմակերպել հեռավար: Աշակերտները նույն ոգևորությամբ և պատասխանատվությամբ էին վերաբերվում այդ դասերին և նաև ապահովում մեծ ակտիվություն: Այսպիսով, ևս մեկ անգամ եկանք այն համոզման, որ կրթական առցանց գործիքները կարող են դառնալ հենց այն հարթակները, որոնք օգնությամբ հնարավոր է դառնում հեռավար կրթությունը պատշաճ մակարդակով ու որակով, միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխան կազմակերպելու համար, որին տիրապետելը միշտ անհրաժեշտություն է և առավելություն բոլոր ժամանակներում: