Համաշխարհային բանկի պատվիրակությունն այցելել է ՀՊՄՀ վարժարան

17.05.2024

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Համաշխարհային բանկի ավագ գործադիր տնօրեն Աքսել վան Տրոցենբուրգի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել են ՀՊՄՀ հենակետային վարժարան՝ ծանոթանալու ուսումնական հաստատության պայմաններին:

Նրանց ուղեկցել են ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը և վարժարանի տնօրեն Իրինա Գրիգորյանը:

Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում ՀՊՄՀ վարժարանը 2019 թ. հիմնանորոգվել է, ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության, կենսաբանության և այլ դասասենյակներ հագեցվել են համապատասխան կահավորմամբ և լաբորատորիաներով:

Աշակերտները դպրոցի դահլիճում ամփոփ ներկայացրել են ուսումնական հաստատության հիմնադրման պատմությունը և անցած ուղին: Այնուհետ հյուրերը շրջել են դասասենյակներում, ծանոթացել լաբորատոր պայմաններին, հետևել դասընթացներին:

Շրջայցից հետո հյուրերը և ուսումնական հաստատության սովորողները երկխոսության ձևաչափով զրուցել են մասնագիտական կողմնորոշման, երիտասարդներին հուզող առկա խնդիրների, նրանց դերի ու ներուժի զարգացման վերաբերյալ մի շարք հարցերի շուրջ:

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software