Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները, ինչպես նաև բուհի Հիմնական և ավագ դպրոցների ուսուցիչներն ու աշակերտներն այս տարի ևս իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին` մասնակցելով դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող բազմահազարանոց երթին:
Բուհի ներկայացուցիչների ամենամյա բազմամարդ երթն ուղեկցվում էր Հայոց ցեղասպանության ճանաչման և արդարության պահանջատիրական կոչերի պաստառներով․ այն հատկապես կարևոր է ապագա մանկավարժների համար։
Աբովյանականները ծաղկեպսակ դրեցին Հայոց Մեծ Եղեռնի հուշարձանին, ծաղիկներ խոնարհեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին 1915-1923 թթ. Օսմանյան Թուրքիայում նահատակված 1.5 միլիոն զոհերի հիշատակը:
Երթի մասնակիցները միակարծիք են՝ ցեղասպանությունը դարի ոճիրն է և այն չդատապարտելը կծնի նորերը․ նոր սերունդը պետք է տեր լինի հայ դատին և հասնի մարդկության դեմ իրականացված բոլոր տեսակի հանցագործությունների դատապարտմանը։