ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ 30 ՏԱՐԵԿԱՆ Է...

28.01.2022

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ 30 ՏԱՐԵԿԱՆ Է...

Հայոց բանակի ծնունդը մեր ժողովրդի հավաքական կամքի, ուժի, նվիրվածության, հայրենասիրության արգասիքն է։ Հայոց բանակը դարձավ ողջ ժողովրդի պաշտելի զավակը։ Եվ այսօր այդ զավակը 30 տարեկան է։

Մարտական ոգի, ասմունք, պար և հայրենասիրական երգեր՝ ահա այսպիսին էր Բանակի օրը ՀՊՄՀ Հենակետային վարժարանի պատերի ներսում։ Աշակերտները ներկայացրին հայոց բանակի ստեղծման պատմությունը, խոսեցին մեր բանակի փառապանծ էջերի մասին և ընդգծեցին, որ եկող սերունդը անպայման ապացուցելու է, որ հայ զինվորը երբեք չի նահանջել և չի պարտվել։ Եվ մեր բազմաթիվ հերոսների կողքին պատմության էջերում հավերժ կնշվի վարժարանի սան, ավագ լեյտենանտ Տիգրան Միկոյանի անունը, ով հունվարի 21֊ին կդառնար 25 տարեկան։ Մեր Տիգրանի անցած ուղու և թողած պատգամների մասին աշակերտները խոսում էին մեծ ակնածանքով և հպարտությամբ՝ նշելով, որ Տիգրանի, Ազատի և մեր մյուս քաջորդիների սխրանքը երբեք չի մոռացվելու։

Միջոցառման ավարտին ՀՊՄՀ Հենակետային վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը նախ խնդրեց 1 րոպե լռությամբ հարգել հայրենիքի համար իրենց կյանքը տված հերոս տղաների հիշատակը, այնուհետև շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչ, վարժարանի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Աստղիկ Բոյաջյանին և բոլոր մասնակիցներին։ Շնորհավորելով բանակի օրվա առթիվ մինչ օրս իրենց պարտքը տված բոլոր զինվորներին, տնօրենը՝ առնձանկի շնորհավորեց բոլոր նրանց, ովքեր այս պահին իրենց պարտքն են կատարում, հատկապես, վարժարանի բոլոր այն սաներին, ովքեր այսօր բանակում են և հսկում են մեր անդորրը և նաև դահլիճում գտնվող այն տղաներին, ովքեր հաշված օրեր հետո համալրելու են բանակի շարքերը։ Թող Աստված նրանց ուժ և զորություն տա և բանակում ծառայող մեր բոլոր զինվորները անփորձանք տուն դառնան։

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software