«Հայաստանի անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանող պետական ռազմական հաստատությունը, ասել է թե՝ ՀՀ զինված ուժերը 31 տարեկան է։ Պետք է արժանավայել տուրք մատուցենք մեր լինելիության պատասխանատվության բեռն իր ուսերին տանող Հայոց բանակին»,- ՀՊՄՀ Հենակետային (ավագ դպրոց) վարժարանի սաների մասնակցությամբ կայացավ տոնին նվիրված միջոցառում։
Նպատակն էր մեկ անգամ ևս անդրադառնալ բանակի ստեղծման պատմությանը, կարևորել և արժևորել այն հայորդիներին, որոնք ոչինչ չխնայեցին պետության պաշտպանության համար։
Նրանցից մեկն էլ վարժարանի սան, արցախյան վերջին պատերազմում զոհված Վոլոդյա Աբրահամյանն էր, որն ընտրեց անմահության ուղին՝ հայրենիքը ապրեցնելու համար։
Ձեռնարկին ներկա էին հերոսի հարազատները, ուսուցիչներն ու դասընկերները․ «Հզոր է հայոց բանակը, մարտունակ, քանի որ ունի արիասիրտ զինվորներ, որ գիտակցված են կռվում, որ կյանքի ու կռվի անխուսափելի սահմանաբաժանման առաջ հաղթող են դուրս եկել։ Տիգրան, Ազատ, Վոլոդյա․ այս լուսավոր տղաները, որ կենսասեր էին, ժպտադեմ ու ապագայի նկատմամբ մեծ հավատով, դարձան չամոքվող վերք՝ վարժարանի ու ընկերների համար»,- միջոցառման ընթացքում նշեցին վարժարանցիները։
Զուսպ, համեստ, նրբանկատ ու փխրուն, բայց միևնույն ժամանակ ուժեղ ու հզոր անհատ, որ ուներ անկոտրում հայրենասերի ոգի, պատրաստակամ էր օգնել բոլորին․ ընկերներն այսպես բնութագրեցին Վոլոդյա Աբրահամյանին։
Խոստովանում են՝ ինչքան էլ բարդ է խոսել անմահ ընկերոջ մասին, սակայն հայրենիքի զավակներին, «վոլոդյաներին» պետք է ճանաչել․ կյանքի գնով հայրենիք պաշտպանելը հասու չէ բոլորին։
Ընկերները վստահ են՝ ինչպես ժպիտով մտավ քննասենյակ և իր ուժերով ընդունվեց Մանկավարժական համալսարան, այդպես ժպիտով էլ պայքարեց թշնամու դեմ։
«Վոլոդյան ընտրել էր լրագրությունը․ նա ցանկանում էր ճշմարտությունը պատմել մարդկանց։ Ավաղ, չհասցրեց․ ինքը դարձավ մի ճշմարտություն, որ հետևում է մեզ, թե որքանո՞վ ենք ճշմարիտ ապրում մենք։ Հարազատներին հրաժեշտ տալիս մտածում ենք մահվան մասին, բայց երբ հրաժեշտ ենք տալիս հերոսներին, մտածում՝ հավերժության մասին։ Վոլոդյա Աբրահամյանը միացավ անմահներին»,- նշեց ՀՊՄՀ Հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Լևոն Գալստյանը։
Ռազմագիտության ուսուցիչ Մկրտիչ Բալանյանը նկատում է՝ հայ ժողովուրդը ծանր ժամանակներ է ապրում․ հայրենիքի համար կյանքը տալ սխրագործություն է, հայրենասիրության դաս, որոնց օրինակով պետք է սերունդներ դաստիարակվեն։
«Վոլոդյան այն աշակերտներից էր, որ վարժարանի պատերի ներսում ժպիտ թողեց, բայցև իր հետ ժպիտ տարավ»,- նշեց Հենակետային (ավագ դպրոց) վարժարանի նախկին տնօրեն, ՀՊՄՀ պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը։
Նա խոստացավ՝ Վոլոդյան երբեք բացակա չի լինի․ նրա անունը կհավերժացվի Արցախյան երկրորդ պատերազմում բուհի զոհված ուսանողների հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանին։
Միջոցառման ընթացքում վարժարանի սան Նարե Համբարձումյանը ներկայացրեց բանակ-դպրոց համագործակցության շրջանակում ՀՀ զինված ուժերի ստեղծման 31-ամյակին նվիրված ՀՀ ԿԳՄՍ նախարարության շարադրությունների մրցույթում իր ստեղծագործությունը։
Երաժշտական և պարային կատարումներով հանդես եկան վարժարանցիները։