ՀՊՄՀ շրջանավարտ, Հենակետային վարժարանի (ավագ դպրոցի) «Հայոց պատմություն» առարկայի ուսուցիչ Խաչիկ Խամիսյանը պարգևատրվել է ՀՀ Պաշտպանության նախարարության պատվոգրով՝ հունիսի 10-ից հուլիսի 4-ը վարժական հավաքների ընթացքում ունեցած անձնական ներդրման լավագույն արդյունքներ դրսևորելու համար։
Խաչիկ Խամիսյանին այսօր հյուրընկալեց ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ու նրան հանձնեց բուհի ավարտական վկայականը:
Ռեկտորն ընդգծեց՝ Մանկավարժականը գերազանցությամբ ավարտած ուսանողը ներկա չի գտնվել դիպլոմների ավարտական հանդիսությանը, սակայն հպարտ է, որ այդ օրերին իրեն լավագույնս դրսևորել է պետական սահմանը պաշտպանելիս։
Սրբուհի Գևորգյանը նկատեց՝ ՀՀ-ում տարեցտարի նվազում է տղամարդ ուսուցիչների թիվը։ Բուհի ղեկավարը հավատարիմ է խոստմանը․Մանկավարժականում պատրաստ են անել հնարավորինը՝ դպրոցում դասավանդող տղամարդ ուսուցիչների մասնագիտական գործունեության հետագա կայացման և զարգացման ճանապարհն առավել դյուրին դարձնելու համար․«Կարևոր է, որ նրանք կարողանան լիարժեք իրացնել իրենց հնարավորությունները, ինչպես դպրոցում, այնպես էլ՝ համալսարանում»։
Սրբուհի Գևորգյանը Խաչիկ Խամիսյանին խորհուրդ տվեց դպրոցին զուգահեռ իրեն փորձել նաև գիտական ոլորտում․ բուհը պատրաստ է հոգալ ֆինանսական ծախսերը։
Հանդիպմանը ներկա էր նաև ՀՊՄՀ Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր, Հենակետային վարժարանի տնօրենի խորհրդական Նաիրա Սաֆարյանը։
Վերջինս նկատում է՝ լավագույն դաստիարակությունը սեփական օրինակն է․ Խաչիկ Խամիսյանը մերօրյա ուսուցչի իրական կերպար է, որը վայելում է ուսուցչական կոլեկտիվի և աշակերտական համայնքի սերն ու հարգանքը։
Խաչիկ Խամիսյանը Մանկավարժական համալսարանի Պատմության և հասարակագիտության ֆակուլտետ է ընդունվել 2017 թվականին, ապա զորակոչվել Հայաստանի զինված ուժեր և ուսումը շարունակել երկու տարի անց։
«Պատմություն» առարկայով հետաքրքրվել է դեռևս դպրոցական տարիներից, իսկ մասնագիտության հանդեպ սերը փոխանցվել է ուսուցչից․ այդպես որոշեց դառնալ մանկավարժ-պատմաբան։
Մանկավարժականի ուսանողն այս տարի գերազանցությամբ պաշտպանեց մագիստրոսական թեզը, նույնքան սիրով ու պատասխանատվությամբ մասնակցեց վարժական հավաքների և պատվով վերադարձավ՝ լավագույնս կատարելով նաև այդ առաքելությունը․ «Վարժանքների ընթացքում մասնակցեցի տեսական և գործնական պարպմունքների, ապա հատուկ ստորաբաժանումում անցա ծառայություն՝ 14 օր կատարելով մարտական հերթապահություն։ Ծառայությունը պատասխանատու գործունեություն է․ լինելով պատմաբան, հայրենասեր, ևս մեկ անգամ հայտնվելով սահմանին, կրկին արժևորեցի հայրենիքի հանդեպ սերը, կորովն ու հպարտությունը։ Վերադառնալով՝ փորձեցի սեփական օրինակով այն փոխանցել իմ աշակերտներին, գործընկերներին և մտերիմներին»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց Խաչիկ Խամիսյանը։