«Հարգելի շրջանավարտներ, ուսուցիչներ, աբովյանականներ, շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր և նշանակալի տոնի կապակցությամբ․այսօրը հիշելու ենք ողջ կյանքի ընթացքում։ Վստահ եմ՝ հետագա տարիներին ունենալու ենք բազմաթիվ հաջողություններ ուսման մեջ, որոնց հիմքում այն գեղեցիկ, գունեղ և երջանիկ ժամանակահատվածն է, որն անցել է դպրոցում՝ մեր շատ սիրելի մանկավարժների հետ»,- հրաժեշտի իրենց խոսքում այսօր նշեցին ՀՊՄՀ Հենակետային վարժարանի ավարտական դասարանի սաները։
Լավագույն կրթական ավանդույթներով հարուստ կրթօջախում «Վերջին զանգը» հնչեց 29-րդ անգամ՝ կյանք ճանապարհելով 6 ենթահոսքի 142 շրջանավարտի։
Վերջին դասի առթիվ շրջանավարտներին շնորհավորելով ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը նկատեց, որ այսօր ամփոփվում է կյանքի կարևոր շրջափուլ․ շրջանավարտները թևակոխում են մեծ կյանք՝ նոր մարտահրավերներով։ Նա վստահ է՝ դպրոցում ստացած գիտելիքներն ու կարողությունները կօգնեն կյանքում մեծ հաջողությունների հասնել։
ՀՊՄՀ ռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը, բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների անունից շնորհավորելով շրջանավարտներին, նկատեց, որ ուսումնառության տարիները կարևոր և լուրջ փոփոխությունների հիմք են դարձել վարժարանացիների համար․ այդ գործում մեծ է ուսուցիչների, ՀՊՄՀ պրոֆեսորադասախոսական կազմի նաև միջավայրի ներազդումը, ինչի շնորհիվ գործ ունենք հստակ ձևավորված անհատականությունների հետ․ «Մեկ անգամ ևս պետք է արժևորել կրթության բնագավառը, պատմական արժեքներն ու ինքնության դրսևորումը․ դրանք մեր երկրի հզորության հիմք են։ Վստահ եմ ՝ ձեր հաջողություններով հպարտանալու առիթներ դեռ շատ կլինեն»։
Երգ, պար, օրվան բնորոշ ջերմ ու սրտաբուխ բարեմաղթանքներ․ վարժարանցիներն իրենց ելույթում չշրջանցեցին նաև յուրաքանչյուր շրջանավարտի կյանքի ամենապատասխանատու քայլի՝ մասնագիտության ընտրության հարցը։
Վստահեցնում են՝ իրենցից շատերը մեծ հաստատակամությամբ կրթությունը շարունակելու են Մանկավարժական համալսարանում․«Մեր յուրահատուկ սերունդը խոստանում է՝ հանուն պետության ու հայրենքի՝ համալրել լավագույն բժիշկների ու լրագրողների, պրոֆեսիոնալ պարողների ու նկարիչների, ամենախելացի մաթեմատիկոսների ու թարգմանիչների շարքերը։ Եվ այս ամենի հետ մեկտեղ՝ խոստանում ենք չկորցնել ամենակարևորը՝ մարդ կոչումը»։
Մանկավարժական համալսարանի Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը, որը նաև կրթօջախի երկարամյա տնօրենն է եղել, մեծ պատիվ և հպարտություն համարեց, որ կյանք են ճանապարհում լուսավոր կրթօջախի 29-րդ շրջանավարտներին։
Նաիրա Սաֆարյանը շնորհավորեց Հայաստանի, Արցախի, Ջավախքի և Սփյուռքի բոլոր հայ շրջանավարտներին՝ մաղթեց չմոռանալ, որ իրենք ամենահզորն են․ դպրոցական տարիներին զուգահեռ՝ մեծ պատասխանատվությամբ և լրջությամբ հաղթահարել են բազում դժվարություններ, և կշարունակեն հզորացնել մեր երկիրը։
Վարժարանի սաները գիտեն՝ դժվարություններ կլինեն․ առանց դրանց անհնար է։ Վստահ են, սակայն, ամեն ինչ հաղթահարելի է․ հարազատ կրթօջախում են սովորեցրել գլուխը բարձր պահել և չվախենալ դժվարություններից։
ՀՊՄՀ Հենակետային վարժարանի ավարտական դասարանի սաները չմոռացան նաև այն քաջորդիների սխրանքները, որոնք պայքարեցին, իրենց արյունը խառնեցին հողին, սիրեցին անմնացորդ։
Հպարտ են, որ վարժարանում կրթվել և շարունակելու են կրթվել հերոսներ, հայեցի, ազնիվ, հայրենիքի արժանի զավակներ․«Թող նվաճումներով և հաղթանակներով փայլատակի մեր սիրելի վարժարանը»,- ամփոփեցին շրջանավարտները՝ տոնակատարությունը եզրափակելով հաղթական «Բերդ»-ով։