Մանկավարժական համալսարանի Գիտական գրադարանի ընթերցասրահում ամփոփվեցին 2017թ. «Լավագույն ընթերցող» մրցույթի արդյունքները:
ՀՊՄՀ-ի պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը, կարևորելով ձեռնարկի անցկացումը, ուրախությամբ նկատեց՝ անգամ տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակաշրջանում տարեցտարի ավելանում է գրքի բարեկամների թիվը.«Գրքի հետ հանդիպումն ու նրա հետ ճանապարհ անցնելն իմացաբանական նոր ոլորտներ թափանցելու յուրահատուկ բանալի է, մի խորհրդավոր աշխարհ, որի հետ հաղորդակցվելը նույնքան խորհրդավոր է ու հետաքրքիր, նաև կարևոր՝ անձի ձևավորման համար»,- նշեց պրոռեկտորն ու համալսարանի լավագույն ընթերցողներին մաղթեց նոր ճանապարհորդություններ՝ դեպի գրքերի զարմանահրաշ աշխարհ:
«Լավագույն ընթերցող» մրցույթի մասնակիցների շարքում համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներից բացի ընդգրկված էին նաև հիմնական և ավագ դպրոցների աշակերտները:
Վարժարանի լավագույն ընթերցող ճանաչվեց բնագիտամաթեմատիկական հոսքի 11-րդ դասարանի աշակերտ Աշոտ Վանոյանը:
Աշոտ Վանոյանին շնորհավորեցին, վկայականներ և նվերներ հանձնեցին Գիտական գրադարանի տնօրեն՝ Տիգրան Պետրոսյանցը և վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը:
Մենք նույնպես շնորհավորում ենք Աշոտին՝ ցանկանալով նորանոր բարձունքներ…