Վարժարանի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքի 12-րդ դասարանում <<ֆիզիկա>> առարկայից ամփոփիչ դաս էր: Թեման՝ Երկրաչափական և ալիքային օպտիկա: Դասը առանձնահատուկ էր նրանով, որ այն անցկացվեց ՀՊՄՀ-ի օպտիկայի լաբորատորիայում: Ուսուցչուհի, մ.գ.թ., դոցենտ՝ Նաիրա Սաֆարյանի կողմից տեսական նյութի ամփոփումից հետո սկսվեց հետաքրքիր փորձնական աշխատանք: Փորձերը ամենայն մանրամասնությամբ ցուցադրվեցին լաբորատորիայի պատասխանատու Սուսաննա Սարգսյանի կողմից, ում աշակերտները վերջում հայտնեցին իրենց գոհունակությունն ու շնորհակալությունը: Նրանք իրենց աչքով տեսան այն երևույթները (դիսպերսիա, ինտերֆերենց, դիֆրակցիա, ճառագայթների ընթացքը ոսպնյակներում և այլն), որոնց միջոցով ամրապնդեցին տեսությունից ստացած գիտելիքները: Նաիրա Սաֆարյանը իր շնորհակալությունը հայտնեց ՀՊՄՀ-ին նման լաբորատորիա ստեղծելու, վարժարանի սովորողներին նույնպես լաբորատորիաներից օգտվելու հնարավորություն ընձեռելու համար և փաստեց նմանօրինակ դասերի կարևորությունն ու արդյունավետությունը: Սովորողները այնքան ոգևորված էին, որ ցանկություն հայտնեցին մտնել հարևանությամբ գտնվող <<Ատոմի միջուկի>> լաբորատորիա: Ուսուցչուհին խոստացավ, որ այդ թեման ավարտելուց հետո անպայման կայցելեն, և նմանատիպ դասերը կլինեն շարունակական...