Վարժարանի հումանիտար հոսքի հոգեբանություն ենթահոսքի 11-րդ դասարանի պատմության դասը անցկացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Այն նվիրված էր մարդկության պատմության մեջ երբևէ տեղի ունեցած ամենածանր ոճրագործություններից մեկին՝ 1915 թվականի Հայոց մեծ եղեռնին: Դասը վարեց վարժարանի պատմության ուսուցիչ, պ.գ.դ, պրոֆեսոր Սամվել Պողոսյանը: Մասնակցեցին նաև ՀՊՄՀ-ի պատմության և իրավագիտության ֆակուլտետի պրակտիկանտ-ուսանողները: Թանգարանում աշակերտներին մանրամասնորեն ներկայացվեցին հայոց ցեղասպանության նախադրյալներն ու պատմությունը: Ծանոթացան ցուցադրության ներկայացված փաստաթղթերին, վավերագրական արժեք ունեցող ազդեցիկ լուսանկարներին, բազմատեսակ նյութերին, որոնք արտացոլում են միջազգային հասարակայնության վերաբերմունքը հայոց ցեղասպանության նկատմամբ։ Տպավորիչ էր թանգարանի այն անկյունը, որը ներկայացնում էր եղեռնից մազապուրծ եղած հայերի պատմությունը և նրանց հետագա կյանքը:
Հուշահամալիրում աշակերտներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին եղեռնի զոհերի հիշատակին: Նմանատիպ դաս-քննարկումը ընդմիշտ կմնա աշակերտների հիշողություններում: Սերունդները միշտ կհիշեն ոճրագործության մասին, իսկ այսօր պահանջում են արդարության վերականգնում և հետագայում նմանատիպ հանցագործությունների կանխումը: