«Քինախնդրության դեմ նրա նշանաբանը սերն է». ներկայացրին Վահան Թեքեյանին

19.11.2019

ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի հայոց լեզվի և գրականության ուսուցիչների նախաձեռնությամբ կազմակերպվել էր Վահան Թեքեյանին նվիրված միջոցառում:

10-12-րդ դասարանների աշակերտները ներկայացրին գրողի կյանքը՝ մանկությունից մինչև երիտասարդություն, ազգային ու մանկավարժական գործունեությունից մինչև խմբագրական, հասարակական, ասմունքեցին ու երգեցին նրա ստեղծագործություններից հատվածներ:

Վարժարանցիները հենց իրենք Թեքեյանն էին, երբ արտասանեցին «Կանձրևե, տղաս», «Ահավասիկ կուզեի…», « Երեք ձոն» և այլ ստեղծագործություններ:

Աշակերտները ներկայացրին նաև, թե ինչպես էր Դանիել Վարուժանն իր «Մատյանն ահա» քերթվածում բնութագրում Թեքեյանին ու նրա ապրած ժամանակը՝ տառապալից ու կորստաբեր, բայց և հուսաշատ. «Նա իր ապրած կյանքով ու գործով իր ժողովրդի մարող հոգիների մեջ ջանաց եկեղեցի կանգնեցնել, քանի որ հայ մարդու ու Հայաստան աշխարհի անբեկանելի պաշտամունքով էր լեցուն»:

Խոսելով Թեքեյանի՝ «Հայոց հոգին» խորագրով բանաստեղծությունների ժողովածուի մասին, աշակերտներն ընդգծեցին, որ այն նոր երևույթ է սփյուռքի պոեզիայում, մաքառում սփյուռքահայ ժողովրդի փրկության, նրա հոգու մաքրությունը պահելու, նրան սեփական գրից ու գրականությունից չօտարելու համար:
Չնայած կյանքն անողոք էր վարվել սփյուռքահայության հետ, բայց նրա բանաստեղծը քինախնդիր չէ: Քինախնդրության դեմ նրա նշանաբանը սերն է: Կյանքի քառուղիներում մեծ փորձ ունեցող մարդու համար սերը ոչ այլ ինչ է, եթե ոչ փրկություն. «Ես հիասթափվում եմ, տարակուսում, բողոքում, կեղծ եմ համարում ազատության ու հավասարության լոզունգները: Բայց ես տեսնում եմ նաև աշխարհի արյան ճահիճների վրա սեփական ժողովրդի մաքառումը: Ինչպիսի՜ հերոսական դրվագներ... Հերոսականությունը…ժողովրդիս…սերն եմ փառաբանում…: Ես հավատում եմ…հույսե՜ր, մե՜ծ հուսեր»,-ասում են «վարժարանցի թեքեյանները»:

Միջոցառման ավարտին հենակետային վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը շնորհավորեց աշակերտներին, որ նրանք հրաշալի ասմունքեցին, կարողացան ներկաներին փոխանցել Վահան Թեքեյանի պոեզիայի հմայքը: Վերջինս հույս հայտնեց, որ նման միջոցառումները կլինեն ավելի շատ ու առավել լայն լսարանների համար:

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software