ԿԳՄՍ նախարարն այցելել էր Հենակետային վարժարան

05.10.2021

Ուսուցչի օրվա առթիվ Մանկավարժական համալսարանի հենակետային վարժարան (ավագ դպրոց) էր այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, «Կրթական ծրագրերի կենտրոն» /ԾԻԳ/ տնօրենի պաշտոնակատար Գրիշա Հովհաննիսյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարը շրջայց կատարեց ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող հիմնանորոգված դպրոցում, այցելեց կահավորված դասասենյակներ, արհեստանոց, հանդիսությունների դահլիճ, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և ֆիզիկայի լաբորատոր սենյակներ, իր գոհունակությունը հայտնեց արդյունքի վերաբերյալ:

Նախարարը հույս հայտնեց, որ Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանավոր պաշտոնակատար Աշոտ Խոեցյանի ղեկավարությամբ ավարտին կհասցվի նաև դպրոցի մարզադահլիճի վերանորոգման աշխատանքները:

ՀՊՄՀ հենակետային վարժարանի (ավագ դպրոց) մասնաշենքը հիմնանորոգվել է ՀՀ ԿԳՄՍ- «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում, իսկ ՀՊՄՀ-ի ջանքերով տեղադրվել է նաև արևային ջեռուցման համակարգ:

Դպրոցում շրջայցին և կրթօջախի նոր պայմաններին ծանոթանալուն հաջորդեց Վահրամ Դումանյանի հանդիպումը ուսուցչական կազմի հետ: Նախարարը շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ՝ վստահեցնելով, որ հասարակության մեջ այսօր առավել քան երբևէ արժևորվում է ուսուցչի դերը, կատարած աշխատանքի կարևորությունը. «Մեր երկրի ամենամեծ անվտանգությունը ճիշտ կրթությունն է. սիրելի ուսուցիչներ, դուք եք մեր հրամանատարները, ձեզնով է ամուր պետության հիմքը, վաղվա որոշիչ օրը: Ցավոք, մեր պետությունն այսօր չունի բավականաչափ ռեսուրս, որ, ըստ արժանվույն, վարձատրի ուսուցչին, սակայն վստահեցնում եմ՝ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ և փորձում ստեղծել բոլոր հնարավոր պայմանները»:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը վստահեցրեց՝ հանրակրթությունը ՀՀ կառավարության ուշադրության առանցքում է, նախարարությունն էլ մշակում է այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա համատարած՝ ընդհանուր մոտեցումից անցում կատարել անհատականացված մոտեցման. կամավոր ատեստավորումն այդ ուղղությամբ առաջին քայլն է. «Վստահ եղեք` ամեն օր, ամեն ժամ ձեզ հետ ենք, ձեր հոգսերով, որը նաև բոլորինս է»:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նույնպես շնորհավորեց «Ուսուցչի օր»-ը և այդ շրջանակում դպրոց այցելությունը համարեց խորհրդանշական.տարիներ շարունակ այստեղ մանկավարժներ են կրթվել.«Մեծ պատիվ է այս շենքում դասավանդելը.վստահ եմ՝ մեծ պատասխանատվությամբ և նվիրվածությամբ եք կատարում ձեր աշխատանքը, իսկ նոր պայմաններն ավելի հետաքրքիր, դյուրին և հաճելի կդարձնի այն: Միջավայրը, աշխատանքային պայմաններն ու գործիքները էականորեն ազդում են աշխատանքի արդյունավետության վրա»:

Նախարարի տեղակալն անդրադարձավ առարկայական չափորոշիչների փոփոխության վերաբերյալ հարցին, և նշեց, որ որոշ առարկաների դեպքում դրանք լրամշակվել են, սակայն վերջնական փուլում չեն. ուսումնական տարվա ավարտին փորձարկված տարբերակները դարձյալ կլրամշակվեն:

Ժաննա Անդրեասյանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում կլուծվի նաև ծրագրերը բեռնաթափելու, առարկաները վերանայելու խնդիրը:

Հենակետային վարժարանի (ավագ դպրոց) տնօրեն Նաիրա Սաֆարյանը վստահեցրեց՝ ժամանակակից գույքով կահավորված դպրոցում առավել ոգևորված և նոր ուժերով և եռանդով են աշխատում. «Ամեն օր իմ աշակերտներին և գործընկերներին ասում եմ՝ պետք է մնանք մեր տեղում և լավ կատարենք այն գործը, որին կոչված ենք. միայն դրանով կարող ենք ուժեղանալ և պայքարել: Վարժարանն ուսուցչական լավ ներուժ ունի. գիտությունների 8 թեկնածու, 2 դոկտոր, պրոֆեսոր, իսկ ուսուցիչներից 10-ն արդենիսկ մասնակցել է կամավոր ատեստավորմանը»:

Նաիրա Սաֆարյանը նշեց՝ ի հեճուկս ամենատարբեր քննարկումների, հավելավճար ստանում են նաև ուսուցիչները. Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Աշոտ Խոեցյանի հրամանով՝ մասնագիտական տոնի նախօրեին մեկ ամսվա աշխատավարձի չափով պարգևատրվել են նաև ՀՊՄՀ հենակետային վարժարանի ուսուցիչները:

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software