Լեզուն, գրականությունը ազգապահպանման միջոց

01.03.2018

Արևմտահայ և արևելահայ գրական միջավայրերի աղերսների, ժառանգության, կապի, լեզվի խնդիրների մասին հարցերի պատասխանները ստանալու նպատակով մարտի 1-ին ՀՊՄՀ հենակետային վարժարանի 11-րդ դասարանի աշակերտները այցելեցին համալսարանի հայ նոր և նորագույն շրջանի գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն՝ հանդիպելու ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանի հետ: Զրույցի թեման արևմտահայ լեզվի և գրականության արդի վիճակն էր, դասական ուղղագրության, ինչպես նաև միասնական մշակույթի օրհասական խնդիրը։ Հանդիպման սկզբում պրոֆեսորը ներկայացրեց աբեղյանական ուղղագրությանն անցնելու պատճառներն ու հետևանքները։ Ս. Դանիելյանն անդրադարձավ 20-րդ դարասկզբի բանաստեղծությանը, արևմտահայ գրողներին, նրանց թողած ահռելի գրական ժառանգությանը։ Հանդիպման ձևաչափը հետաքրքիր ու ուսանելի էր. դասախոսության անմիջական մասնակիցներն էին նաև աշակերտները: Պարզաբանվեցին աշակերտներին հետաքրքրող բազմաբնույթ հարցեր: Պետք է ընդգծենք, որ մոտ երկու ժամ տևած դասախոսություն-քննարկումն էապես ազդեց աշակերտների նոր-նոր ձևավորվող աշխարհայացքների վրա: Նրանց՝ մինչ այժմ ունեցած դիրքորոշումը արևմտահայ գրականության մասին հիմնովին փոխվեց: Վարժարանցիների ոգևորությունն ակնհայտ էր. պրոֆեսորը օգնեց  որոշ կարծրատիպեր կոտրել ու իրենց համար նոր հորիզոններ բացել: «Նմանատիպ այցերը կարևոր են և անպայմանորեն պետք է լինեն շարունակական: Լավ է, որ մանկավարժական համալսարանը խրախուսում է աշակերտների և դասախոսների մշտական կապը»,- այսպես ավարտեց հանդիպումը Սուրեն Դանիելյանը:

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software