Լռության րոպե, մոմավառություն, խոնարհումի, երախտագիտության խոսքեր և հաղթանակի խոստում`ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի աշակերտների մասնակցությամբ կազմակերպված հիշատակի ցերեկույթին:
Աշակերտները գիտակցում են, որ պարտություններն անխուսափելի չեն, սակայն կռիվը դեռ չի ավարտվել, հայրենիքը վտանգի մեջ է:
Սա ոչ թե սգո, այլ հերոսների հավերժացման օրն է. այս գիտակցմամբ են վարժարանցիները ներկայացնում հերոսներին ու նրանց հերոսական դրվագները և խոստանում իրենց ուսերին կրել հայրենիքը հետ բերելու սրբազան պարտքը:
Պատերազմում վարժարանի փոքր ընտանիքը ևս կորուստներ է ունեցել: Զոհվեցին շրջանավարտներ Տիգրան Միկոյանն ու Ազատ Մաջարյանը, անմահացան վարժարանի աշակերտների և ուսուցիչների եղբայրներ, հայրեր, հարազատներ: Վարժարանցիները հիշատակեցին նաև Մանկավարժական համալսարանի 22 զոհված ուսանողներին և շրջանավարտներին:
Երախտիքի խոսքեր բոլոր նվիրյալներին, նրանք անմահացան, որ երկնքում ավելի վառ փայլեն, որ վերևից հսկեն Արցախն ու մշտարթուն ներկայությամբ հորդորեն պատմությունից դասեր քաղել:
Թաց են հիաշատակի ցերեկույթի բոլոր ներկաների աչքերը. Հայաստան աշխարհում իջեցված եռագույնը ալեկոծել է բոլորի սրտերը. «Երախտապարտ ենք, մեր լույս ընկերներ, եղբայրներ, հայրեր…ներեք մեզ, ուժ ու ոգի տվեք եռագույնը սևից ազատելու»:
«Եռաբլուրի բարձունքից Արցախյան հերոսամարտին իրենց կյանքը նվիրած նահատակները մեզ պարտադրում են չկորցնել զգոնությունը, որ ինչ պատերազմ էլ պարտադրեն, չպարտվենք և ամուր պահենք մեր Սուրբ Հայրենիքը. մենք պարտավոր ենք և պետք է նաև մեր կրթությամբ և գիտելիքներով հաղթենք»,-դիմելով աշակերտներին` նշեց վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանն ու վստահեցրեց` հաղթանակի օրը դեռ գալու է:
Նա հորդորեց վարժարանցիներին բազմապատկել նպատակներն ու երազանքները և ավելի ամուր ու հաստատուն քայլերով գնալ դեպի դրանց կատարմանը:
Վարժարանի տնօրենը նաև շնորհակալություն հայտնեց աշակերտներին, որոնք այդ օրերին թիկունքն ամուր պահեցին և ամենատարբեր աշխատանքներով աջակցեցին բանակին: Աշակերտներից շատերն արժանացան շնորհակալագրերի:
Նյութի աղբյուրը` aspu.am