Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները, հենակետային վարժարանի (ավագ դպրոցի) ողջ ուսուցչական կազմն ու աշակերտները Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Երթին մասնակցեց շուրջ 5000 աբովյանական. նրանք ծաղկեպսակ դրեցին 1915-23 թվականներին Օսմանյան Թուրքիայում նահատակված 1.5 միլիոն հայերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
«Հիշում ենք և պահանջում», «Պահանջում ենք հատուցում»,«Ցեղասպանությունը չունի վաղեմության ժամկետ»,«Նոր սերունդը տեր է Հայ դատին». նմանօրինակ պահանջատիրական եռալեզու պաստառներով մանկավարժները կոչ արեցին վերականգնել նախորդ դարասկզբի եղելությունն ու արդարության հանդեպ հավատով՝ Թուրքիային ճանաչելու հայերի նկատմամբ կատարած հանցանքը: