Նախագահի նստավայրից «Նարեկ»-ով եկան

11.11.2016

Նոյեմբերի 11-ին ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի  /ավագ դպրոց / բարձր առաջադիմություն ունեցող 25 աշակերտներ վարժարանի պատասխանատուների ուղեկցությամբ «ՀՀ Նախագահի նստավայր այցելուների ծրագրի» շրջանակում եղան Հանրապետության նախագահի նստավայրում:

Այցի նպատակն էր աշակերտներին ներկայացնել ՀՀ Նախագահի և նախագահական ինստիտուտի գործունեությունը, ՀՀ Սահմանադրությամբ Նախագահի գործառույթները, պետական իշխանության համակարգում նրա տեղն ու դերը, պետության ղեկավարի փոխհարաբերությունները պետական իշխանության մյուս մարմինների հետ:

Շրջայցը կազմված էր երեք փուլից: Առաջինում ծանոթացան նախագահի նստավայրին՝  ե՞րբ և ո՞ր ճարտարապետն է կառուցել, ինչպիսի՞ն է շենքի կառուցվածքը, սրահներում, ըստ արարողակարգի, ի՞նչ միջոցառումներ են անցկացվում և այլն: Երկրորդ փուլում շրջեցին և առավել մանրամասնորեն ծանոթացան շենքի կառուցվածքին: Ներկայացրին, թե ինչպիսի՞ գործառույթներ են իրականացվում յուրաքանչյուր սրահում, տեղեկություներ հայտնեցին ամենսրահի անվան, հանդիպումների, ճաշկերույթների մասին: Ծանոթացան պետական այն նվերներին, որոնք հանդիպումների ժամանակ այլ երկրի պաշտոնյաներ նվիրել էին մեր նախագահին:

ՀՀ Նախագահի նստավայրի տարբեր հարկաբաժիններում գտնվող սրահներում հանդիպեցին աշխարհահռչակ հայ նկարիչների՝ Հովհաննես Այվազովսկու, Փանոս Թերլեմեզյանի, Մարտիրոս Սարյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Հակոբ Հակոբյանի և մի շարք այլ նշանավոր արվեստագետների ստեղծագործությունների, որոնք Հայաստանի ազգային պատկերասրահի կողմից ի պահ են տրվել ՀՀ Նախագահի աշխատակազմին:

Երրորդ փուլում անցկացվեց ինտելեկտուալ խաղ-մրցույթ: Աշակերտները բաժանվեցին չորս խմբի, որոնց տրվեց 30 հարց: Հաղթող խմբի յուրաքանչյուր անդամ ստացավ Գր.Նարեկացու «Մատեան ողբերգութեան» պոեմի մեկական բնագիր: Շրջայցի ավարտին քննարկվեցին երեխաներին հուզող և հետաքրքրող հարցերը, և յուրաքանչյուրին նվիրեցին մեկական կրիչ:

Այցելուները հնարավորություն ունեցան գրավոր կերպով շնորհակալություն հայտնել այդքան տպավորիչ և հիշարժան օրվա համար:  

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software