Նամակ զինվորին

28.01.2017

«Իմ ամենօրյա զարթուցիչը սպասումն է, ամենօրյա ընկերը` կարոտը, ամենօրյա պահանջը` աղոթքը».-սա է այսօրվա կենսակերպն ու հավատամքը հայուհու:

Վերջերս ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պաշտպանության նախարարության հետ համատեղ բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ հայտարարել էր շարադրությունների մրցույթ «Նամակ զինվորին» թեմայով: Մասնակցում էին  տարբեր դպրոցների տարբեր դասարանների բազմաթիվ աշակերտներ: Մրցույթն ամփոփված է, հաղթողների անունները՝ հայտնի: Նրանք քսանհինգն են՝ Հայաստանի տարբեր մարզերից: Հաղթողներից ընտրվեցին  հինգը, ովքեր ելույթ ունեցան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած տոնական համերգին:

Նրանց շարքում է նաև Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի 10-րդ դասարանի սան Միլենա Բարսեղյանը:

            Հաղթողի ուրախությունն անասելի էր, հուզմունքը՝ խորը: Նրա նամակը հասցեագրված էր մեր սահմաններն այդքան անառիկ պահող ամեն մի զինվորի:

            Նամակը լավատեսությամբ էր լի, հավատով, հույսով, այն սպասումով, որ շուտով լսելու է եղբայր-զինվորի ոտնաձայնը, որ տան շեմքը կարոտով է թողել:

 

  Նամակ զինվորին

 

Մենք` ես և դու, արյունակից ենք. մեր երակներով հոսում է Արաքս գետը: Զինվո՛ր, ես քո քույրն եմ: Այս նամակը քեզ գրում եմ ոչ թե գրիչով, այլ սրտիս ամենաուժեղ զարկով. այժմ այն զարկում է` շարելով այս տառերն այնպես կիպ, կարծես զրկում է նրանց շնչելու  հնարավորությունից: Գոնե այս տառերի նման մոտ լինեի քեզ, զինվո՛ր:

 Իմ ամենօրյա զարթուցիչը սպասումն է, ամենօրյա ընկերը` կարոտը, ամենօրյա պահանջը` աղոթքը: Պատրաստ եմ ժամերով աղոթել ամեն զինվորի համար: Ժպիտդ լավագույն նվերն է ինձ զինվո՛ր, ինձ և բոլոր քո քույրերի, մայրերի համար:

 Ես քեզ հիմա գրում եմ ոչ թե տխուր, այլ հպարտության օվկիանոսով ողողված: Քո, ընկերներիդ, եղբայրներիդ շնորհիվ հիմա ես խաղաղ պայմաններում եմ քեզ կարուտում, մայրդ խաղաղությամբ է աղոթում` էլի խաղաղություն խնդրելով, հայրդ հպարտ է… Հայրդ գիտի թե դու ինչ օրեր ես ապրում, նա էլ ժամանակին ապրել է այդ օրերը. հայրդ հպարտ է զիվո՛ր, որ իր որդին այդչափ հզորություն, քաջություն է տեղավորում կանաչ համազգեստում:

 Եթե Մովսես Խորենացին հիմա ապրեր և հիմա գրեր իր «Ողբ»-ը, վստահ եմ` չէր գրի «զինվորները զենք ատող, կռիվ չսիրող են»:

 Զինվո՛ր, իմացի՛ր դու ապահովում ես հազար մանուկի անհոգ մանկություն, հավատա՛, այդ մանուկը քեզ ճանաչում է և գնահատում: Մեր մանուկներն էլ այն հողի ծնունդն են, որը սրբությամբ պաշտպանում ես, մեր մանուկներն էլ սրբություն են` քեզ սպասող: Դու պետք է վերադառնա՛ս, զինվո՛ր, դու պետք է նայես հայ մանուկի աչքերին, ով ժպտում է քիչ հասկանալով, որ քո մեջ ամփոփված է ամբողջ Հայաստանը:

 Դու՛ ես տնօրենը, զինվո՛ր, քո ձեռքում է իմ անբողջ Հայաստանը` քո տնօրինության տակ:

 Խնդրում եմ` միշտ հավատաս, որ վերադարձդ արևի` ինձ ջերմացնող շողն է: Հիշի՛ր, սիրում եմ քեզ, խնդրում եմ` այս նամակը փոխանցիր յուրաքանչյուրին: Մեր երակներով Արաքս գետն է հոսում: Հպարտ եմ: Յուրաքանչյուր զինվոր արժանի է ծափահարության. մ       իայն այն ծափի ձայներն են ունակ արտահայտելու սրտիս բաբախը, որ քո շնորհիվ է:

 Աստված միշտ իր ձեռքերում է քեզ պահում, հավատում եմ, զինվո՛ր:

 Տանդ շեմը այցիդ է կարոտ, ոտնահետքդ կարոտել եմ: Պինդ կա՛ց:

 

                                                                             Միլենա Բարսեղյան 

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software