Մշակութային հոսքի աշակերտները հերթական պլեներային դասը անցկացրին բնության գրկում:
Նկարիչը միշտ ձգտում է ազատության։ Նկարելիս նա ազատ արտահայտում է իր մտքերը, հույզերը և զգացմունքները։ Նկարելիս նաև շատ կարևոր է միջավայրը, որովհետև տարբեր վայրերում, տարբեր տարածություններում մարդը տարբեր ձևով է զգում, ընկալում և արտահայտում իր հույզերը։ «Սահմանափակ տարածքում, երբ տիրում է լռություն, քեզ ոչ ոք չի անհանգստացնում. ստեղծագործելը լավ է և հաճելի։ Դու մնում ես ինքդ քո մտքերի և երևակայության հետ։ Բաց տարածության մեջ՝ նկարել բնության գրկում, նկարել հենց այն, ինչ կատարվում է շուրջդ, կարծում եմ և՛ հաճելի, և՛ ուսուցողական է»-այսպես արտահայտվեց մշակութային /նկարչություն/ հոսքի 10-րդ դասարանի աշակերտուհի Մերի Վարդազարյանը։
Աշակերտները մեծ ոգևորությամբ կիրառեցին գույնի բազմազանությունը, կարողացան տարբերել բնության կողմից տրվող ցանկացած երանգ, և այս ամենը արտահայտեցին իրենց աշխատանքի հեռանկարում: Իրականությունը փոխանցել թղթին՝ ազատ և բաց տարածության մեջ, ոգեշնչում է և առաջացնում է ձգտում։ Կապը բնության հետ կպահպանվի, իսկ այցերը կկրեն շարունակական բնույթ: