Ուսուցիչը հպվում է հավերժությանը

06.10.2021

Քո տունն այնտեղ է, ուր քեզ ներում են, հավատում, սիրում ու միշտ սպասում։ Ես մեր տան մասին եմ ուզում պատմել։ Մեր տանը տարիներ շարունակ հրաշքներ են տեղի ունենում։ Բժիշկներից և ուսուցիչներից հրաշքներ են սպասում, բայց երբ հրաշքը տեղի է ունենում, ոչ ոք չի զարմանում:

            Հոկտեմբերի 5-ին մենք նման էինք այն երեխաներին, ում մայրերը մի քանի րոպեով թողնում են տանը մենակ։ Ազատությունը բոլորիս երազանքն է, հետևաբար մենք շատ ուրախ էինք...Ուրախ էինք մինչև այն պահը, երբ հայտարարվեց, որ դասարանից երկուսը պետք է վարեն դասը։ Երբ աշակերտը պատրաստ է, ուսուցիչը հեռանում է: Բայց սա այդ դեպքը չէր։ Մենք շատ լավ գիտենք, որ ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցողական առարկան, ամենակենդանի օրինակը աշակերտի համար հենց ինքը ուսուցիչն է: Քաջ գիտակցելով այս ամենը և մեր առջև ունենալով մեր ուսուցիչների օրինակը` ծանր հրետանին իրենց վրա են վերցնում լավագույնները։ Որովհետև ուսուցիչները միջակ չեն լինում. նրանք լինում են կա'մ լավը, կա'մ հանճարեղ։ Երբ արդեն տանը մենակ էինք, ժամանակն էր գործելու։  Մեր դասարանում դասը անցկացնելու մեծ բեռը իր ուսերին վերցրեց Նարեկ Հեքեքյանը։ Լռեցինք մենք, հնչեց թավջութակը։

            -Վարդապե'տը։

            Ու մենք հիշեցինք ամենամեծ ուսուցիչներից մեկին` Վարդապետին։

            Հնչում էր Կոմիտաս։ Մենք զգում էինք, թե ինչպես էր մեղեդին իջնում մեր տան վրա ու Սրբարանը մեր օծում հնչյուններով։ Ու հետո անվերջ քննարկումներ... Բայց մենք գտել էինք դասի ժամին լուռ մնալու հնարը։ Որպեսզի տան կարգ ու կանոնը պահպանվի, տունը մաքրում ենք մայրիկի օրինակով։ Տանեցիները մեզ իրենց փորձն էին թողել` հաճելին ու օգտակարը համատեղելու։ Բարեբախտաբար, մեր ուսուցիչները շուտ վերադարձան ու ժպտացին այն մեղմ, բայց խորամանկ ժպիտով, երբ ծնողը տեսնում է, որ իր զավակը ճիշտ ճանապարհի վրա է։

Ուսուցչի  տոնին զգացինք նրանց ծանր  ու հաճելի պատասխանատվությունը։ Համոզվեցինք՝ ջանք չեն խնայում։ Արժևորեցինք ու հասկացանք՝ ուսուցիչը հպվում է ամենակարևորին՝ հավերժությանը, հավատում է, ներում է ու չի հեռանում։

 

                                                                            Հումանիտար (հոգեբանություն) հոսքի

                                                                              12-րդ դասարանի     աշակերտուհի

                                                                                                   Դիանա Շահբազյան

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software