Այսօր ՀՊՄՀ հենակետային վարժարանի աշակերտները տոնում էին հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձը: Իր կազմավորման ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելով՝ հայկական բանակը արդեն 28 տարեկան է և այս տարիների ընթացքում դարձել է մեր խաղաղ երկնքի գլխավոր գրավականը: Աշակերտները հանգամանալից ներկայացրին բանակի կազմավորման փուլերը, խոսեցին հայ զինվորի ամրակուռ հոգու, բազկի զորության, պատրաստակամության և տոկունության մասին: Խոր ակնածանքով և երախտագիտությամբ՝ հնչեցրին բանակի կազմավորման և խաղաղության պահպանման համար անմահացած մեր հերոսների անունները: Նրանց թվում էին նաև ՀՊՄՀ մի շարք ուսանողներ, ովքեր Արցախյան հերոսամարտի տարիներին մեկնեցին ռազմաճակատ: Միջոցառումը կազմակերպել էր պատմության ուսուցիչ Արմինե Եփրիկյանը և այն հագեցած էր պատմական հետաքրքիր փաստերով և իրողություններով, ինչպես նաև պարային և երաժշտական կատարումներով: Միջոցառման ավարտին շնորհավորական խոսքով հանդես եկան ՀՊՄՀ հենակետային վարժարանի տնօրեն տիկին Նաիրա Սաֆարյանը և ռազմագիտության ուսուցիչ պարոն Մկրտիչ Բալանյանը:
Շնորհավո´ր տոնդ հայոց բանակ...
Շնորհավո´ր տոնդ հա´յ զինվոր...
Խաղաղ և անվտանգ ծառայություն մեր բոլոր զինվորներին: