Մանկավարժական համալսարանի մեկդարյա հոբելյանի առթիվ՝ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը պարգևներ, պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնեց ՀՊՄՀ համար 57 հիմնական դպրոցի և Հենակետային վարժարանի (ավագ դպրոց) ղեկավար և ուսուցչական կազմին։
Ռեկտորը, համալսարանական կրթության զարգացման, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար «Մանկավարժական համալսարան» մեդալով պագրատրեց ՀՊՄՀ համար 57 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանին։
Մասնագիտական գործունեությունը բարեխիղճ և արդյունավետ կատարելու համար մի շարք ուսուցիչներ արժանացան պատվոգրերի և շնորհակալագրերի։
Սրբուհի Գևորգյանը, շնորհավորելով մեկդարյա հոբելյանի առթիվ, ընդգծեց՝ կրթական հաստատություններն ու այնտեղ գործունեություն ծավալող նվիրյալները բուհի գործունեության, առօրյայի, արժեբանության բաղադրիչի կարևոր մասնիկն են․ «Ձեր գործունեությամբ, անքուն գիշերներով, մասնագիտական պրպտումներով և մասնավոր մեթոդիկաներով է պայմանավորված մեր վաղվա երաշխիքը, հայրենիքի պաշտպանի, գիտնականի և երկրի ղեկավարի այնպիսի դիմագիծը, որը հենց դուք եք, սիրելի ուսուցիչներ»,-նշեց ռեկտորն ու հավելեց՝ ասել շնորհակալություն, նշանակում է՝ ոչինչ չասել․ ծանր է ուսուցչի առաքելությունը, հատկապես մեր օրերում։
Հարյուր տարվա հեռվից, հարյուր տարվա գնահատումով, հարյուրամյա իմաստնությամբ ու կենսափորձի ձայնի արձագանքով աբովյանակններին ողջունեց երեք սերունդ՝ երդվելով՝ պատվով կրել ուսուցչի վեհ կոչումը, բարձր պահել հայ դպրոցի սուրբ անունը, դաստիարակվել, լինել արդարամիտ, հայրենիքի հանդեպ պատասխանատվության մեծ զգացումով․ «Վարժարանն այն կամուրջն է, որն ուղեկցում է աշակերտին դեպի համալսարան, իսկ մինչև վարժարան հասնելը, առաջին քայլերն, իհարկե, դպրոցում են սկսվում։ Դպրոցն ու վարժարանը շարունակությունն են, որոնք հանդիպում են համալսարան տանող ճանապարհին։ Այսպես ձեռք ձեռքի քայլում են համալսարանը, դպրոցը , վարժարանը․ սկիզբը երեքի միությունն է»,- նշեցին դպոցականներն ու հավելեցին՝ երախտագիտության օր է․ հարյուրամյա բուհը կոտրում է կարծրատիպը․ գնահատում և ոգևորում է մանկավարժին։