Դեկտեմբեր ամսին տեղի ունեցավ բասկետբոլային մրցույթ մանկավարժական համալսարանի ութ ֆակուլտետների և վարժարանի թիմի միջև: Սպորտային խաղերի կազմակերպման նպատակն է ուսանողների և աշակերտների միջև ստեղծել սերտ հարաբերություններ, սովորեցնել առողջ ապրելակերպի կանոնները, սերմանել սեր դեպի սպորտը: Ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ վարժարանի թիմը ոչ մի խաղում պարտություն չկրեց: Առաջին խաղում բանասիրական ֆակուլտետի թիմը պարտվեց 36:6 հաշվով: Երկրորդ եզրափակիչ խաղում մրցեցին ՄՖԻ ֆակուլտետի թիմի հետ: Համառ և թեժ պայքարից հետո խաղն ավարտվեց 62:12 հաշվով՝ հօգուտ մեր թիմի: Առաջ անցնելով հաշվի մեջ՝ վարժարանի թիմը կարողացավ հաղթանակի հասնել և զբաղեցրեց առաջին հորիզոնականը: ՀՊՄՀ-ի վարժարանի բասկետբոլի թիմի ավագ Ռաֆայել Ավագյանը նշեց, որ հաղթանակի գրավականը թիմի միասնականությունն էր, մշտապես միմյանց սատարելն ու օգնելը, միասին դժվարությունները հաղթահարելը:
Մրցանակաբաշխության ժամանակ վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը շնորհավորեց թիմերին, խրախուսեց նմանատիպ մարզական հանդիպումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար, քաջալերեց և ոգևորեց նրանց՝ մաղթելով նորանոր հաջողություններ և հաղթանակներ: