Ժամանակը ցույց է տալիս, որ պատմությունը կրկնվում է, ու մենք ստիպված ենք անցնել այդ պատմության քառուղիներով: Ժամանակը նաև ցույց է տալիս, որ մեր պայքարի վերջակետը միայն հաղթանակն է: Վկայությունը Հայկն է, Վարդանն է, Դրոն է… վկայությունը մեր օրերի հերոսներն են:
Վարժարանում կազմակերպված, ապրիլյան քառօրյային նվիրված միջոցառումներն ամփոփվեցին հանդիպումով՝ զրույց-քննարկումով, որի հյուրն էր քառօրյա պատերազմի կենդանի հերոս Հարություն Բադալյանը: Հատկանշական էր հենց ի՛ր այցելությունը, քանի որ այդ օրը իր ծննդյան օրն էր: Նրա սխրանքը անուրանալի է. ականանետով ոչնչացրել է հակառակորդի դիրքը՝ թշնամուն պատճառելով 2 զոհ, 7 վիրավոր, այնուհետև, արդեն վիրավորված, նռնակներով ոչնչացրել է «Յաշմա» հատուկ ջոկատի հրամանատարին ու ևս 2 ադրբեջանցու:
Աշակերտները ունենին բազմաթիվ հարցեր՝ կապված այդ օրերի, մարտի դաշտում դժվարությունների, պատերազմի թողած ազդեցությունների մասին: Հարությունը ժպիտով ու առանց պաթոսի է խոսում կռվի մասին, հավատացնում, որ կռվի դաշտը հագեցած է նաև ծիծաղաշարժ դեպքերով: Կարծում է՝ ինքը հերոս չէ, կարծում է՝ այդպես էլ պետք է վարվեր, և եթե հանկարծ թշնամին նորից համարձակվի խաթարել անդորրը, ինքը պատրաստ է զենքը ձեռքին նորից լինել պատերազմի կիզակետում: Հարությունը վկայում է, որ պատերազմից հետո իր նպատակները մի քանի անգամ ավելացել են, որովհետև զոհված ընկերների նպատակները իրենն են դարձել, դրանք իրականացնելու պատասխանատվությունն իր ուսերին է: Պատերազմից հետո կյանքն ավելի սիրելի է, արժևորված:
Մեր կորովի հայորդիների անունները շատ են: Նրանց թվում հպարտորեն պետք է նշենք վարժարանի սան Դավիթ Խատայանի անունը, ով, իր ընկերների հետ փոխարինելով զոհված հրամանատարին, կարողացավ մարտական գործողությունները ճիշտ կազմակերպել և պատվով հաղթանակ տանել:
Վստահ ենք, որ օրը հայրենասիրության մի դաս դարձավ ներկա աշակերտների համար:
Մեր խաղաղ քնի ու անհոգ գարունների համար պարտ ու պարտական ենք բոլոր հերոսներին: