Սպորտլանդիա՝ նվիրված վարժարանի 30 ամյակին

18.12.2024

Այս տարին հոբելյանական է վարժարանի և վարժարանականների համար: ՀՊՄՀ հենակետային վարժարանը տոնում է իր 30 ամյակը: Ամենամյա Սպորտլանդիան այս տարի էլ ավելի մեծ շուքով նշվեց վարժարանում: Շուրջ 1 ամիս է ինչ 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտները մրցում էին միմյանց հետ տարբեր սպորտային խաղերի շրջանակներում: Մասնակիցները ջանք ու եռանդ չէին խնայում եզրափակիչ հասնելու համար: Դեկտեմբերի 9-ը: Սպորտլանդիայի եզրափակիչ, լարված մրցակցություն և անմոռանալի պահեր: Ավանդական դարձած Սպորտլանդիայի եզրափակիչը շատ հուզիչ և սպասված օր էր վարժարանականների համար: Եզրափակչի սկիզբը ազդարարվեց շքերթով: Բոլոր մասնակից դասարանները` իրենց թեմատիկ պաստառներով, մասնակցում էին շքերթին: Մարզադահլիճը լեփ-լեցուն էր: Եզրափակչում էին «Պարարվեստ 10» և «Ֆիզմաթ 10/2» դասարանները: Մրցակցությունը թեժ էր և լի անակնկալներով: Լարվածությունն աճում էր ամեն րոպե: Խաղի ընթացքում եղան ընդմիջումներ, որոնց ժամանակ աշակերտները հանդես եկան պարային համարներով: Խաղը շարունակում էր մնալ դինամիկ և գերլարված: Ի վերջո, համառ պայքարի, իրենց միասնության և աշխատասիրության շնորհիվ «Ֆիզմաթ 10/2»-ը տանում է կամային հաղթանակ և զբաղեցնում առաջին հորիզոնականը: Երկրորդ հորիզոնականում էր «Պարարվեստ10»-ը, իսկ երրորդ հորիզոնականում` «Անգլերեն 11»-ը: Եվ այսպես, ավարտվեց ամենամյա սպորտլանդիան, որն այս տարի նվիրված էր Վարժարանի հոբելյանական 30 ամյակին:

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software