Փետրվարի 22-ին ՀՊՄՀ հենակետային վարժարանում տեղի ունեցավ մեծն բանաստեղծ Հովհաննես Թումանյանին նվիրված միջոցառման երկրորդ փուլը: Այս անգամ մրցույթ-միջոցառման մասնակից 5 թիմերը պետք է ներկայացում բեմադրեին Հովհաննես Թումանյանի որևէ ստեղծագործության հիման վրա:
Բոլոր թիմերն էլ յուրօրինակ, հետաքրքիր և ուսուցողական ներկայացումներ էին պատրաստել. Անբան Հուռին, Անուշը, Մարոն, Սուտլիկ Որսկանը, չարչին մեկ տեղում էին հայտնվել: Լսարանը գունազարդվել էր և լցվել մեղեդային հնչյուններով:
Մրցույթի ընդհանուր արդյունքներն ամփոփելու ժամանակը եկավ: Մասնակիցներն անհամբեր սպասում էին:
-Շատ դժվար է գնահատել Թումանյանի ստեղծագործությունների ներկայացումը. չէ՞ որ Թումանյանը թերևս ամենաժողովրդական գրողն է,- նշեց միջոցառման կազմակերպիչ, վարժարանի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Վանուհի Բաղրամյանը:
Ի վերջո գնահատող հանձնաժողովը որոշեց, որ հաղթանակի բոլորն էլ արժանի են և բոլոր թիմերին էլ շնորհվեցին պատվոգրեր:
-Դուք մեծ եռանդ ու ջանք էիք դրել ձեր ներկայացումներում: Իրոք, երևում էր ձեր անտրտունջ աշխատանքը և այն, որ մեծ հաճույքով էիք պատրաստվել,- եզրափակեց վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը: