«Technovation Armenia» 2019 ծրագրի շրջանակում վարժարանի 11-րդ դասարանի աշակերտուհիներ Գայանե Ղուշչյանը և Լուսինե Հարությունյանը ինֆորմատիկայի ուսուցչուհի Ռուզան Նիկոյանի հետ իրենց ինովացիոն գաղափարներով կիսվեցին «Առավոտը Շանթում» հաղորդման ընթացքում, իսկ Ամալյա Բեժանյանը և Էմմա Առաքելյանը հրավիրվեցին «Հանրային հեռուստաընկերության» «Առավոտ լուսո» հաղորդմանը: Աշակերտները ներկայացրին իրենց ապագա ծրագրերը, հավելվածը, որտեղ շեշտը դրված է գյուղական համայնքների սոցիալական վիճակի բարելավման վրա:
2017 թվականից սկսած Հայաստանում անցկացվում է «Technovation challenge» մրցույթը։ Այն IT ոլորտի միջազգային մրցույթներից է, որին մասնակցում են միայն աղջիկները։ Վարժարանի աշակերտուհիներից կազմված տարբեր խմբեր այս երեք տարիների ընթացքում ակտիվորեն մասնակցել են «Technovation Armenia» մրցույթին։ Մրցույթի նպատակն է աղջիկներին ներգրավվելով դեպի IT ոլորտ՝ սովորեցնել ստեղծել բջջային հավելված, որը որևէ սոցիալական խնդիր կլուծի։ Մրցույթի շրջանակներում աշակերտուհիները ուսումնասիրում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետների կողմից մշակված ծրագրերը, ծանոթանում «սոցիալական ձեռներեցություն» հասկացությանը, սովորում են բիզնես պլան կազմել։ Այս տարի վարժարանից մասնակցում են երկու թիմ՝ WINcent և Goaldiggers, ովքեր ներկայացնում են իրենց ROOF և ForTip բջջային հավելվածները։
Այս տարիների ընթացքում վարժարանը ներկայացրել է 5 թիմ՝ մենթոր Ռուզան Նիկոյանի գլխավորությամբ։
Աղջիկներն անդրադարձել են գյուղական համայնքներում առկա սոցիալական խնդիրներին, ինչպես նաև մշակութային արժեքների ճանաչման և պահպանման հիմնախնդիրներին։ Զարգացնելով գյուղական տուրիզմը՝ կնպաստեն համայնքների զարգացմանը։ Աղջիկների նպատակներից է նաև Հայաստանը ճանաչելի դարձնել իր բերդերով և ամրոցներով՝ փորձելով անմատչելի և մոռացված բերդակառույցները հանրայնացնել և նպաստել դրանց պահպանմանը։