Վարժարանի ֆիզիկայի ուսուցչուհին այցելել է Միջուկային հետազոտությունների Եվրոպական կենտրոն

26.11.2024

Երևանի և Շիրակի, Տավուշի, Արարատի, Արմավիրի մարզերի դպրոցների ֆիզիկայի 14 ուսուցիչներ նոյեմբերի 10-15-ն այցելել են Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն (CERN) և այդտեղ գտնվող մեծ հադրոնային կոլայդեր (LHC):

Ուսուցիչների առաջին այցը ֆիզիկայի ոլորտի աշխարհի ամենամեծ գիտական կենտրոն կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի, ինչպես նաև Տեսական ֆիզիկայի և մոդելավորման ինստիտուտի համատեղ ջանքերի արդյունքում:

Ուսուցիչները լսել են առաջատար մասնագետների դասախոսություններ, այցելել CERN-ի կառավարման կենտրոն, Նեյտրինո-պլատֆորմ, տվյալների կենտրոն, հականյութի արտադրամաս, Մեծ հադրոնային կոլայդերի ATLAS, ALICE և CMS դետեկտորներ, ինչպես նաև ուսումնասիրել են տարրական մասնիկների գրանցման պատմությունն ու սարքավորումների աշխատանքի սկզբունքները:

Ուսուցիչներին ներկայացվել են նաև դպրոցներում հասանելի միջոցներով տարրական մասնիկների դետեկտորներ սարքելու հմտություններ:Նրանք ծանոթացել են տարրական մասնիկների ֆիզիկայի ժամանակակից զարգացումներին ու խնդիրներին, ինչպես նաև տեսական ու էքսպերիմենտալ զարգացումներին, ներկայացվել են աշխարհահռչակ այս դետեկտորների՝ Հայաստանում արտադրված բաղադրիչները:

Շվեյցարիայի և Ֆրանսիայի սահմանին գտնվող գիտական կենտրոնը միջազգային կազմակերպություն է, որը միավորում է 34 պետությունների ջանքերը՝ տարրական մասնիկների ֆիզիկայի ոլորտում համատեղ հետազոտությունների ու աշխարհի խոշորագույն գիտափորձերի իրականացման համար: CERN-ում աշխատում են 16 000 գիտնականներ՝ աշխարհի 70 երկրներից:

CERN-ի հետազոտություններից 3-ն արժանացել են Նոբելյան մրցանակների: CERN-ում են ծնվել մարդկության զարգացման վրա ազդող այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են՝ Համացանցային հաղորդակարգերի հավաքածուն (TCP/IP) և համացանցը («World Wide Web» կամ WWW): Այստեղ են վերջին 70 տարում հայտնաբերվել մի շարք տարրական մասնիկներ (ինչպիսին է՝ Հիգսի բոզոնը), ինչպես նաև հաստատվել է Մասնիկների ֆիզիկայի ստանդարտ մոդելը:

Աղբյուր՝   

 

2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Design and Delvelopment by ToolBox Software