Իրարանցում, աշխույժ եռուզեռ, հուզմունք ու սպասում. սեպտեմբերի 24-ը նման չէր սովորական աշխատանքային երկուշաբթիներին: Վարժարանում մե՜ծ իրադարձություն էր. տեղի էր ունենում աշակերտական խորհրդի նախագահի ընտրություններ: Թեկնածուները երեքն էին` Ռաֆայել Ավագյանը՝ բնագիտամաթեմատիկական հոսքի 11-րդ դասարանից, Լևոն Բուռնազյանը՝ հումանիտար (անգլերեն) հոսքի 11-րդ դասարանից և Արմեն Նանայանը՝ հումանիտար (հոգեբանություն) հոսքի 11-րդ դասարանից: Թեկնածու երեք անդամներն էլ առանձնանում են իրենց կազմակերպչական ջիղով և պատրաստվածությամբ: Մրցակցությունը թեժ էր, ընտրությունը՝ դժվար:
Քվեարկությանը մասնակցում էին բոլոր աշակերտները: Ամփոփումից հետո պարզ դարձավ, որ ձայների մեծամասնությամբ աշակերտական խորհրդի նախագահ է ընտրվել հումանիտար (անգլերեն) հոսքի 11-րդ դասարանի աշակերտ Լևոն Բուռնազյանը: Նորանշանակ նախագահը գիտակցում է աշխատանքի պատասխանատվությունը, կարծում է՝ հեշտ չի լինելու, բայց պատրաստ է նվիրումով ու ջանասիրությամբ աշխատել: Շնորհավորում ենք Լևոնին ընտրվելու կապակցությամբ և մաղթում ակտիվ աշխատանքային գործունեություն, աշակերտական հետաքրքիր ու հագեցած օրեր: