Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան ընդունված ուսանողները դեռ երկար կհիշեն երդման ավանդական դարձած միջոցառումը: Մանկավարժական համալսարանի առաջին կուրսերի ուսանողները Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում հոկտեմբերի 9-ին հանդիսավոր կերպով երդվեցին լինել արժանապատիվ ուսուցիչներ՝ «Երդվում ենք դպրության շեմից ներս մտնելուց առաջ ունկնդիր լինենք դարերի կանչին»՝ արձագանքեցին ուսանողները:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև ՀՊՄՀ-ի ապագա դիմորդները՝ հենակետային վարժարանի (ավագ դպրոցի) աշակերտները` «ՀՊՄՀ Դիմորդ 2020» գրությամբ փուչիկներով։
Միջոցառման մեկնարկը ազդարարվեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի հնչյուններով:
Տոնական գունեղ փուչիկներով, կարգախոսներով և բարձր տրամադրությամբ էր լցվել մեծ լուսավորչի խորհուրդներն իր մեջ ամփոփող տան բակը, իսկ ուսանողներին շնորհավորելու էին եկել բուհի ղեկավարությունը, դասախոսներ և հյուրեր:
Ռեկտոր պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը ապագա ուսուցիչներին հորդորեց՝ հավատարիմ մնալ չորս պատգամի. «Մայրենի լեզուն սովորեք և պահպանեք, ինչ առարկա էլ դասավանդելու լինեք, ուսումնասիրեք և պահպանեք հայ ժողովրդի պատմությունը, հպարտացեք նրանով, հավատարիմ եղեք քրիստոնեական ավանդույթներին, հայ եկեղեցին մեզ պահող կարևորագույն հաստատությունն է, պատմության բոլոր դեգերումների ընթացքում մեզ ուժ է տվել հայկական ընտանիքը, սիրեք և հարգեք ձեր ընտանիքները և ծնողներին, որ ձեր զավակներն էլ ձեզ սիրեն»:
Միջոցառումը ամփոփվեց տոնական համերգային ծրագրով:
Վարժարանի աշակերտները վերադարձան շատ տպավորված` ապագայում ՀՊՄՀ-ի ուսանողների շարքերը համալրելու անձնական խոստումով: