Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսին ներկա էին նաև ՀՊՄՀ հենակետային վարժարանի հումանիտար (հոգեբանություն) հոսքի 10-րդ դասարանի աշակերտները, պատմության ուսուցչուհի Մարիամ Գրիգորյանը, աշակերտական խորհրդի որոշ անդամներ:
Աշակերտներին հանդիպեցին գիտական կազմակերպությունների տնօրենները, մասնագետները, ներկայացրին ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպությունների նվաճումները, կիրառական նշանակության մշակումների նախատիպերը, հրատարակված գիտական աշխատանքները:
Աշակերտները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան ՀՀ ԳԱԱ ստեղծման պատմությանը, արդի գիտահետազոտական կառուցվածքին, գիտական պոտենցիալին, հայագիտության զարգացմանն ուղղված աշխատանքներին: Ֆիզիկական գիտությունների տաղավարում աշակերտները հետաքրքրվեցին աճեցված բյուրեղներով, հատուկ և բժշկական նշանակության միկրոալիքային սարքավորումներով:
Հնագիտության և երկրաբանության տաղավարներում նրանց ուշադրությունը գրավեցին մ.թ.ա. 20-22-րդ դարերի ժամանակաշրջանի գտածոները և յուրահատուկ հանքաքարերի նմուշները:
Բնական գիտությունների տաղավարում աշակերտներին ցուցադրվեցին մոլեկուլիար կենսաբանության և գենետիկայի ուղղությամբ կատարվող հետազոտությունների արդյունքները, որոնք կիրառվում են բժշկության մեջ:
Քիմիական գիտությունների տաղավարում ներկայացվեցին կենսաբանական եղանակով նոր նյութերի, դեղամիջոցների ստացման գործընթացները:
Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի տաղավարում աշակերտները ծանոթացան տեղեկատվական տեխնոլոգիաների և ավտոմատ կառավարման համակարգերի ստեղծման և զարգացման գործընթացներին:
Աշակերտները ցանկություն հայտնեցին այցելել ակադեմիական ինստիտուտներ ավելի մանրամասնորեն ծանթանալու գիտական լաբորատորիաներին և մասնակցելու գիտափորձերին: Աշակերտները վերադարձան մեծ տպավորություններով և նոր ցուցահանդեսների ակնկալիքով: